Nissan-ը նախատեսում է կրճատել 9 հազար աշխատակից և մոտ 20 տոկոսով նվազեցնել արտադրական հզորությունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնական Nissan Motor Corporation-ը նախատեսում է կրճատել 9 հազար աշխատակից և մոտ 20 տոկոսով նվազեցնել արտադրական հզորությունները՝ հիմնական շուկաներում վաճառքների անկման պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ընկերությունը վերանայել է իր կանխատեսումները՝ օպերացիոն շահույթը կրճատելով 3.25 միլիարդ դոլարից մինչև 975 միլիոն դոլար՝ ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է 2025 թվականի մարտին։
Nissan-ի գլխավոր տնօրեն Մակոտո Ուչիդան փորձում էր բարձրացնել շահութաբերությունը, սակայն նրա ծրագրերը չեն հաջողվել։ 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերության շահույթը կազմել է 210 միլիոն դոլար, այն դեպքում երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասնում էր 1.35 միլիարդ դոլարի։
Ավտոարտադրողը նաև որոշել է վաճառել Mitsubishi Motors-ի իր 10 տոկոս բաժնեմասը, որտեղ ներկայումս ունի 34 տոկոս մասնաբաժին։ Nissan-ը բախվել է ավտոմեքենաների վաճառքի կտրուկ անկման Չինաստանում, Ճապոնիայում և Հյուսիսային Ամերիկայում։
Չնայած մարտահրավերներին, ընկերությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրամոբիլների շարքը և ձևավորել նոր գործընկերություններ, ինչպես նաև ավելացնել վաճառքները՝ տարեկան լրացուցիչ 1 միլիոն մեքենայով՝ մինչև 2027 թվականը։ Nissan-ը, ինչպես նաև այլ խոշոր ավտոարտադրողներ, դժվարություններ է ունենում հատկապես Չինաստանի շուկայում, որը աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային շուկան է։
Այս տարվա հունիսին ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է արտադրությունը Չինաստանի Չանչժոու շրջանում՝ վաճառքների անկման պատճառով։