Տնտեսություն

Գործունեության որոշ տեսակներ հարկման հատուկ համակարգից կտեղափոխվեն ընդհանուր համակարգ

4 րոպեի ընթերցում

Գործունեության որոշ տեսակներ հարկման հատուկ համակարգից կտեղափոխվեն ընդհանուր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ կտեղափոխվեն գործունեության որոշ տեսակներ, օրինակ՝ առողջապահական, շենքերի շինարարական, գովազդայի գործունեության և այլ ոլորտների:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում: 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ կառավարության հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի և շրջանառության հարկով հարկման համակարգի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է:

«Խնդիրն այն է, որ, օրինակ, մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտային հարկ, սակայն նույն կամ բազմաթիվ այլ մասնագիտական աշխատանք կատարող անհատ ձեռնարկատերը կամ հարկ չի վճարում միկրոձեռնարկատիրության համակարգում, կամ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ շրջանառության համակարգում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատման քաղաքականության իրականացման ուղղություններից է մասնագիտական բնույթ ունեցող աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից դուրս բերելը: Այս առումով առաջին փուլով օրենսդրական փոփոխություններ արդեն իսկ կատարվել են, որոնք ուժի մեջ կմտնեն 2025թ հունվարի 1-ից: Խոսքը փաստաբանական և նոտարական գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու մասին է:

«Այս նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը նույնպես միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Խոսքը հետևյալ գործունեության տեսակների մասին է՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մասնագիտական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար ձևավորել միասնական և հավասար հարկային միջավայր: 

Գործունեության որոշ տեսակներ, որոնք նույնպես նախատեսվում էր տեղափոխվել ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ, հանվել են օրենքի նախագծից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ փաստորեն կա՞ն առողջապահական հաստատություններ, որոնք գործում են շրջանառության հարկի ռեժիմում: Նախարարն ասաց, որ կարող են լինել մանր կլինիկաներ՝ նաև ատամնաբուժական ծառայություններ մատուցող: «Քանի որ մենք մասնագիտական ծառայություններն ընդհանուր դուրս էինք բերում, այս ծառայության տեսակը նույնպես դուրս ենք բերել: Մեր հաշվարկներով սա անդրադառնալու է մոտ 10 հազար սուբյեկտի վրա»,-ասաց նա: 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ հարկման հատուկ համակարգում կա 1300 սուբյեկտ, որոնք գործունեության տեսակ են հայտարարագրել առողջապահությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում