Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում անցկացվել է Սոցիալական աշխատողի միջազգային օրվան նվիրված «Սոցիալական աշխատանք. նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, աշխատաժողովի շրջանակում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:

Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել է 2014 թ.՝ երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ իր կատարած աշխատանքի համար։ Որպես սոցիալական աշխատող՝ նա Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում ձեռնարկել և իրագործել է հատուկ արշավներ՝ ստրկությունից, բռնի աշխատանքից, ընտանեկան բռնությունից և այլ ծանր իրավիճակներից ազատելով ավելի քան 100 000 երեխաների: 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով սոցիալական աշխատողի դերն, ասել է. 

«Զարգացած երկրներում անգնահատելի է սոցիալական աշխատողների դերակատարումը, քանի որ նրանց աշխատանքներն ուղղված են մարդկանց կարիքների վերհանմանը և սոցիալական բարեկեցության ապահովմանը։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր հասարակությունում է՛լ ավելի կբարձրանա սոցիալական աշխատողի դերը»:

Ընդգծելով, որ այս տարին նշանակալի է Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի համար՝ ԵՊՀ ռեկտորը մատնանշել է. 

«Շուրջ 20 տարի է՝ ֆակուլտետում կրթվում են սերունդներ, որոնք աշխատանք են գտնում սոցիալական տարբեր կառույցներում, նախարարություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, և այս բոլոր կառույցներն ունեն սոցիալական աշխատողի անհրաժեշտություն»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, խոսելով Կառավարության համար սոցիալական աշխատողի կարևոր դերակատարումից, փաստել է. 

«Հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու մեր բոլոր ծրագրերը հաջողություն չէին ունենա, եթե մենք չունենայինք սոցիալական աշխատողների ինստիտուտ և այս ընթացքում զուգահեռաբար չզարգանար ու չամրապնդվեր այդ ինստիտուտը համայնքներում և հասարակական կազմակերպություններում: Կարդալով սոցիալական աշխատողների կենսագրությունները՝ մենք տեսնում ենք, որ նրանց մեծ մասը ԵՊՀ շրջանավարտներ են»:

Նախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը 1999 թ. ընդունել է «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» 182-րդ կոնվենցիան, ըստ որի՝ արգելվում է երեխաների շահագործումը։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները (այդ թվում՝ Հայաստանը) վավերացրել են այդ կոնվենցիան, ինչը մեծապես պայմանավորված էր աշխարհի 103 երկրներում Քայլաշ Սաթյարթիի քայլերթի կազմակերպմամբ:

Քայլաշ Սաթյարթին նշել է, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում և ԵՊՀ-ի կողմից իրեն դոկտորի կոչման շնորհումը դիտարկում է որպես մեծ ընդունելություն և՛ համալսարանում, և՛ առհասարակ Հայաստանում: Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Հնդկաստանն ունեն գործընկերային բազմադարյա հարաբերություններ, որոնք ներկայում էլ շարունակվում են: Խոսելով ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի գործունեության կարևորությունից՝ Քայլաշ Սաթյարթին ասել է, որ նախքան համալսարան գալն արդեն իսկ տեղեկացված էր, որ ամբիոնը մեծապես նպաստել է Հայաստանում հասարակության բարեկեցության ապահովմանը և ոլորտային առաջընթացին՝ անհրաժեշտ աշխատանքներ տանելով տարբեր համայնքների և ՀԿ-ների հետ։

«Մեծապես գնահատելի է այն, որ ամբիոնը իրականացրել է կարողությունների զարգացման ծրագրեր, կատարել հետազոտություններ հենաշարժողական, հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց, երեխաների զարգացման և իրավունքներին հարող խնդիրների շուրջ։ Ավելի քան 1000 սոցիալական աշխատող է տվել այս ամբիոնը»,- ընդգծել է նա։

«Սոցիալական աշխատանք. նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ։ Ոլորտի առաջատար մասնագետները, փորձագետները և ԵՊՀ շրջանավարտները ներկայացրել են սոցիալական աշխատանքի ոլորտի ձեռքբերումները, մարտահրավերները և ապագա զարգացման հեռանկարները: Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերջին բարեփոխումների տեսլականին և այդ գործում ԵՊՀ շրջանավարտների ունեցած դերին, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) ձեռքբերումներին և ԵՊՀ շրջանավարտների ներգրավմանը ՀՍԱԱ-ում, ներկայացվել են ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի՝ 2004-2024 թթ. անցած ուղին և գրանցած հաջողությունները:

Հայերեն English 简体中文

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի