ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի վերջից կամ 2023 թվականի սկզբից հասկանալի դարձավ, որ առկա է ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմ, այլ ՌԴ-Արևմուտք հակամարտություն, որի տաք փուլը տեղի ունեցավ Ուկրաինայի տարածքում։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը նաև վկայությունն է երկրորդ սառը պատերազմի, և, ինչպես առաջինի ժամանակ էր, այն նույնպես կունենա տաք կամ, այսպես կոչված, պրոքսի հակամարտություններ, որտեղ պետություններն ուղղակի չեն պատերազմի միմյանց դեմ, բայց կմարտնչեն այլ պետությունների տարածքում, վերջիններիս ուժերով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլին և այդ հակամարտությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներին։
«Առնվազն վերջին կես տարվա ընթացքում տեսանելի է ռուսական կողմի դանդաղ, բայց հստակ առաջխաղացում առաջին հերթին Դոնեցկի մարզում և հատկապես վերջին երկու ամիսներին այդ առաջխաղացումն ավելի է արագացել։ Վերջին տվյալներով՝ միայն 2024 թվականի հոկտեմբերին ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել շուրջ 500 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը համարժեք է պատերազմի սկզբնական փուլում եղած իրավիճակին։ Մյուս կողմից տեսանելի է, որ Ուկրաինան փորձեց պատասխան քայլ անել և օգոստոսի սկզբին ներխուժեց Կուրսկի մարզ։ Երեք ամիս անց այդ մարզի որոշ տարածքներ դեռ վերահսկվում են ուկրաինական զինուժի կողմից, սակայն այժմ լուրջ կասկածներ կան ընդհանրապես այդ գործողության նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց Պողոսյանը
Փորձագետը տեղեկացրեց, որ կա գնահատական, ըստ որի՝ քիչ թե շատ մարտունակ ռեզերվների մեծ մասը, որոնք ուղղվել էին դեպի Կուրսկ, հիմնականում ոչնչացման ու հիմա այդ ռեզերվների պակասի հետևանքով է, որ ռուսական կողմը կարողանում է առաջխաղացում ապահովել Դոնեցկի մարզում, և նույնիսկ ուկրաինացիների ու նաև արևմտյան վերլուծաբանների մոտ կա մտավախություն, որ եթե որևէ էական բան չփոխվի, ապա եթե ոչ մինչև տարեվերջ, արդեն 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ռուսական զորքերը կարող են հայտնվել նույնիսկ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում։
«Պատերազմական գործողությունների շարունակականության վերաբերյալ դժգոհությունները երկուստեք են։ Եվրոպական պետություններում ու ԱՄՆ-ում ընթանում են ինտենսիվ քննարկումներ այն մասին, թե ինչու պետք է իրենք հետայսու ևս ֆինանսական ռեսուրսներ ծախսեն՝ Ուկրաինային աջակցելու համար, բայց մյուս կողմից կա դժգոհություն Ուկրաինայում առ այն, որ Արևմուտքն օգնում է Կիևին այնքան, ինչքան որ հնարավոր է կանխել Ուկրաինայի պարտությունը, սակայն չի օգնում այնքան, որ թույլ տա գոնե կայունացնել իրավիճակը, էլ չասած այդ իրավիճակը բեկելու մասին։ Մի քանի ամիս շարունակ Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում էր, որպեսզի թույլատրի հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի թիկունքին։ Խոսքը մի քանի հարյուր կիլոմետր հեռահարության հրթիռների մասին է, սակայն պահանջները մերժվեցին»,- ասաց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Վաշինգտոնին ներկայացվեց Ուկրաինայի նախագահի, այսպես կոչված, հաղթանակի և խաղաղության ծրագիրը, որի կետերից մեկը վերաբերում էր նաև Tomahawk հրթիռների մատակարարումներին։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ այդ առաջարկը նույնպես մերժվել է։ Պողոսյանի կարծիքով՝ շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի դիրքորոշումից, որովհետև եթե Միացյալ Նահանգները որոշի էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը (խոսքը ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև զուտ ֆինանսական աջակցության մասին է), ապա առանց ուղղակի ներարկումների Ուկրաինան ի վիճակի չի լինի իր բնակչության մեծ մասին վճարել աշխատավարձեր ու թոշակներ։
«Այսինքն՝ տնտեսությունը կփլուզվի։ Եթե Վաշինգտոնը որոշի նվազեցնել տրամադրվող օգնությունը, իսկ հիշենք, թե ինչպիսի դժվարությամբ Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունեց 60 միլիարդ դոլարի փաթեթը, որի շուրջ քննարկումները մեկնարկեցին 2023 թվականից, և եթե նման բարդություններ առաջանան հաջորդ փաթեթի ընդունման ժամանակ կամ այն ընդհանրապես չհաստատվի, ապա Ուկրաինային լավ օրեր չեն սպասվի։ Դա կլինի ազդակ եվրոպական պետություններին, որ ռուս-ուկրաինական պատերազմը ծանրանալու է հիմնականում եվրոպական տնտեսությունների վրա։ Առանց այդ էլ այժմ ծախսվում են հսկայական գումարներ։ Հաշվի առնելով ԵՄ-ում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում տնտեսության ընդհանուր վիճակը, որոնք լոկոմոտիվներն են, չեմ կարծում, որ եվրոպական երկրներն ի վիճակի կլինեն այդ ֆինանսական ծանրությունը շարունակաբար կրել»,- ասաց մեր զրուցակիցը։
Պողոսյանի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգներն, օրինակ, Աֆղանստանում մոտ 20 տարվա ընթացքում, ըստ տարբեր վարկածների, ծախսել է 1,5-2,5 տրիլիոն դոլար, մինչդեռ ռուս-ուկրաինական պատերազմի երկու տարիների ընթացքում ծախսել է 100 միլիարդ դոլար կամ մի փոքր ավելի։
«Եթե խնդիրը Ռուսաստանի թուլացումն է կամ նրան դանդաղ «արյունաքամ անելը», ապա Վաշինգտոնը հանգիստ կարող է իրեն այդ նպատակով թույլ տալ տարեկան ծախսել 100 միլիարդ դոլար։ Դա նրանց տեսանկյունից կլինի որոշակի ռազմավարական ներդրում, թեև դա խորհրդանշական է հնչում, որովհետև գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Բայց արդեն կա մեկ այլ խնդիր, որ ԱՄՆ-ն գտնում է, որ իր հիմնական հակառակորդը Չինաստանն է, ուստի պատերազմները Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում թույլ չեն տալիս իրենց կենտրոնացնել ռեսուրսները խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Եվ երկրորդ կարևոր հարցը․ ԱՄՆ-ում գտնում են, որ Ուկրաինային աջակցությունն ու թեկուզ ոչ ուղղակի պատերազմը Ռուսաստանի հետ հարկադրում է վերջինիս ավելի ու ավելի մոտենալ Չինաստանին, իսկ նրանց հարաբերությունների զարգացումը կամ դե-ֆակտո դաշինքի ստեղծումը շատ ամերիկացիների համար ամենաանցանկալի սցենարն է։ Շատերի կարծիքով՝ եթե միավորվեն Չինաստանի տեխնոլոգիաները, ֆինանսները, մարդկային ռեսուրսները և ՌԴ-ի օգտակար հանածոներն ու զարգացած ռազմական տեխնոլոգիաները, ապա նման Չինաստանին դիմակայելը, առավել ևս հաղթելը կլինի շատ ավելի բարդ»,- մանրամասնեց Պողոսյանը։
Նրա համոզմամբ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, վկայում է երկրորդ սառը պատերազմի մասին։ Ընդ որում՝ հստակ է մի բան, որ կա Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, մեկը մյուսին դիտում է սպառնալիք և հակառակորդ, ինչի մասին վկայում են նաև պաշտոնական ու ռազմավարական հայեցակարգերը։
«Եթե առաջին սառը պատերազմի ժամանակ կային երկու բևեռներ՝ ի դեմս սոցիալիստական և կապիտալիստական աշխարհների, որոնք գլխավորում էին համապատասխանաբար ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն, ապա այժմ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Կա Ռուսաստան, որը սուր հակամարտության մեջ է Արևմուտքի հետ, սակայն կա նաև Չինաստան-ԱՄՆ հակամարտություն, որի պարագայում, ի դեպ, անհասկանալի է Եվրոպայի դիրքորոշումը։ Վաշինգտոնը պարտադրում է եվրոպացիներին միանալ Չինաստանի դեմ մղվող առայժմ տնտեսական պատերազմին, մյուս կողմից ԵՄ-ն գիտակցում է, որ իր տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, այդ թվում ՌԴ-ից ներկրվող մատչելի էներգակիրներից հրաժարվելու պատճառով, հետևաբար շատերը ԵՄ-ում քննադատում են ԱՄՆ-ին, որ այս ամեն ինչի արդյունքում ու նաև Միացյալ Նահանգներում ընդունված օրենքների պատճառով, որոնք գրավիչ են ներդրումների համար, տեղի է ունենում եվրոպական կապիտալի զգալի արտահոսք դեպի Միացյալ Նահանգներ»,- ասաց Պողոսյանը։