Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական համագործակցության դեմ
2 րոպեի ընթերցում
![Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական համագործակցության դեմ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/04/GxAhHjlmcWSImSQhRtj4kMj1Ek9WgDI3GlIz6fvJ.webp)
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը երկրի խորհրդարանին հղված ուղերձում հատուկ ուշադրություն է հրավիրել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի «անօրինական» ռազմական համագործակցության դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
«Միջազգային անվտանգության վերջին իրավիճակը և Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև անօրինական համագործակցությունը լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար: Մենք մանրամասն կքննարկենք բոլոր հնարավոր սցենարները՝ հակամիջոցներ պատրաստելու համար», - ասվում է խորհրդարանին ուղղված նախագահի ուղերձում, որն ընթերցել է երկրի վարչապետ Հան Դակ Սուն:
Յուն Սոկ Յոլը նշել է, որ Հարավային Կորեան զգալիորեն ուժեղացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքներին հակազդումը՝ Միացյալ Նահանգների հետ իր ամուր դաշինքի և անվտանգության ոլորտում Ճապոնիայի մասնակցությամբ եռակողմ համագործակցության շնորհիվ։
Կորեայի Հանրապետության նախագահը նաև խոստացել է ընդլայնել աջակցությունը հյուսիսկորեացի փախստակներին և ավելի մեծ ուշադրություն դարձնել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին՝ այս թեմայով կազմակերպելով միջազգային քննարկումներ։
Նախագահի ուղերձում ներկայացվել են նաև հաջորդ տարվա 509,7 միլիարդ դոլարին համարժեք բյուջեի մանրամասները։ Yonhap-ը նշում է, որ 11 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ գործող նախագահը որոշել է խորհրդարանին անձամբ չներկայացնել բյուջեին առնչվող ելույթը։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագիրն ունի 23 հոդված։ Համաձայն 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: