ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեարկության երկրորդ փուլը տեղի է ունենում նույն պայմաններով, ինչ առաջինը։
Հիմնական ընտրական ցուցակներում գրանցված է 2 միլիոն 707 հազար 641 ընտրող։
Տեղական ժամանակով 07:00-ից սկսած ամբողջ երկրով մեկ բացվել են բոլոր 1988 ընտրատեղամասերը, որոնցից 30-ը՝ Դնեստրի ձախ կողմում գտնվող քաղաքներում բնակվող ընտրողների համար։
Արտերկրում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները կքվեարկեն 228 ընտրատեղամասերում։
Տեղեկացվում է նաև, որ Հանրային ծառայությունների գործակալությունը կգործի հատուկ ռեժիմով՝ ժամը 07:00-ից մինչև 21:00-ն՝ պահանջի դեպքում տրամադրելու համար անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ և նախկինում պահանջված անձը հաստատող փաստաթուղթ:
«Ողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ն կապահովի գործընթացի թափանցիկությունը առցանց հարթակի միջոցով, որտեղ ընտրությունների օրվա ավարտին կցուցադրվեն քվեարկության ընթացքի, մասնակցության և նախնական արդյունքների վերաբերյալ տվյալները։ Ընտրատեղամասերի փակումից և արձանագրությունների կազմումից հետո հնարավոր կլինի դիտել նախնական արդյունքները»,- նշված է Մոլդովայի ԿԸՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Ընտրությունների երկրորդ փուլում պայքարը շարունակում են գործող նախագահ Մայա Սանդուն, ով առաջին փուլում ստացել է ձայների 42,49%-ը, ինչպես նաև նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, ում օգտին գրանցվել էր 25,95% ձայն։
Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների մեծամասնությունը։