Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը

Միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) թիրախում է հայտնվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID)։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատակիցներին կարգադրել են երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, չներկայանալ աշխատանքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox5 պարբերականը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված ծանուցումը։

ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում շուրջ 600 աշխատակից զրկվել է գործակալության համակարգչային համակարգերի հասանելիությունից։ 

Ավելի վաղ ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել էր վարչական արձակուրդի։ Նրանք հրաժարվել էին գաղտնի փաստաթղթեր տրամադրել DOGE-ի աշխատակիցներին։ Ի վերջո, ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության աշխատակիցներին հաջողվել էր որոշ գաղտնի տեղեկատվության, այդ թվում՝ հետախուզական զեկույցների հասանելիություն ստանալ։

Իլոն Մասկը փետրվարի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շուրջ վեց տասնամյակ գործող ԱՄՆ ՄԶԳ-ի մասին, և որ նախագահը համաձայնել է, որ այն պետք է փակել։

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի բյուջե:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տնօրինում են «ցնորված արմատականներ»։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում