Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան՝ օպերային երգիչ Տիգրան Քախվեջյանի համար համաշխարհային բեմերը նվաճելու երազանքին հասնելու ուղի

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բեմերը նվաճելու երազանքը, ուժեղ կամքն ու ցանկությունը Տիգրան Քախվեջյանին տարան Լոնդոն՝ Թագավորական երաժշտական ակադեմիա (Royal Academy of Music): Ակադեմիայում սովորելու ընթացքում երիտասարդ արտիստը  հզոր ձայնի և բեմական մեծ տաղանդի շնորհիվ հասցրեց աչքի ընկնել և սիրվել ոլորտում։ 

Միջազգային մի շարք բեմերում ելույթ ունեցած և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայից Բրիտանական երիտասարդական օպերայի բեմում հայտնված  երիտասարդ օպերային երգիչը հասցրեց գրավել նաև The Guardian-ի ուշադրությունը՝ հայտնվելով հայտնի պարբերականի  էջերում։ 

Կյանքն առանց երաժշտության չպատկերացնող արտիստի հետ «Արմենպրես»-ը զրուցել  է երաժշտական ուղղվածության ընտրության, Հայաստանից դուրս կրթությունը շարունակելու որոշման, Բրիտանական երիտասարդական օպերայի բեմում հայտնվելու և ապագայի պլանների  մասին։

Դեռ վաղ տարիքից Տիգրանը հավասարապես սիրել և զբաղվել է արվեստի երկու ուղղվածությամբ՝ նկարչությամբ և երաժշտությամբ։ Արտիստի խոսքով՝ իր ամբողջ կյանքի ընթացքում երբևէ որևէ մի ճյուղը բաց չի թողել, դրանք միշտ միմյանց լրացրել են։

«Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ընդունվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ինտերիեր դիզայն» բաժինը, հաջորդ տարի զուգահեռ ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Երկու բուհերում էլ ավարտելով բակալավրի աստիճանը՝ մագիստրատուրան շարունակեցի Կոնսերվատորիայում, որտեղ երկրորդ կուրսում «Էրազմուս» ծրագրի միջոցով մեկ սեմեստր սովորեցի Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում։ Այնտեղ սովորելու ժամանակահատվածում եղա նաև Անգլիայում, որը օպերային երգիչների համար սովորելու և կայանալու  լավագույն վայրերից մեկն է։ 

Վերադարձա Հայաստան, հստակ որոշեցի ու դիմեցի  Անգլիայի բոլոր կոնսերվատորիաներին, ի ուրախություն ինձ՝ ընդունվեցի Շոտլանդիայի կոնսերվատորիա և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա (Royal Academy of Music), որը լավագույնն է Անգլիայում: Շատ սիրելով Շոտլանդիան ու իմ արդեն ծանոթ ուսուցիչներին, ղեկավարներին, այնուամենայնիվ, որոշեցի գնալ Լոնդոնի  Թագավորական ակադեմիա, որտեղ սովորեցի ծանրաբեռնված ու ինտենսիվ  մագիստրոսական մեկ տարվա ծրագիր»,- նշեց Տիգրան Քախվեջյանը։

Ինչպե՞ս երգիչը հայտնվեց բրիտանական բեմում 

Խոսելով Բրիտանական երիտասարդական օպերայի բեմում հայտնվելու հնարավորության մասին՝ Տիգրանը պատմեց, որ շատ պատահական այնտեղ մասնակցել է լսումների և ընտրվել է գխավոր դերերից մեկը մարմնավորելու համար։ 

Կարևորելով այս հնարավորությունը՝ արտիստը նշեց, որ այն հարթակ է երիտասարդ օպերային երգիչների համար, որպեսզի կարողանան իրենց ներկայացնել որպես երգիչ, արտիստ, քանի որ այնտեղ հրավիրված են լինում ոլորտի շատ կարևոր մարդիկ՝ ղեկավարներ, գործակալներ, մասնագետներ, որոնց պատահական որևէ այլ տեղ չես հանդիպի։ Շատ մեծ է հավանականությունը, որ այդ մարդիկ որևէ արտիստի բեմում հավանեն ու հրավիրեն կարիերան իրենց մոտ շարունակելու:

«Ընտրվում եմ Բենջամին Բրիտանի «Լուկրեցիայի բռնաբարությունը» (The Rape of Lucretia) օպերայում Թարքուինիուսի կերպարը մարմնավորելու համար, որը համարվում է գլխավոր դեր, քանի որ այս պատմությունը տեղի է ունենում հենց իմ մարմնավորած կերպարի պատճառով։ Այսպես շատ պատահական հայտնվում եմ այդ բեմում, ինչը շատ կարևոր էր ինձ համար»,- ասաց օպերային երգիչը։ 

Տիգրանն ընդգծեց՝ սրանով չի սահմանափակվելու, քանի որ նպատակ ունի վերադառնալ Լոնդոն՝ ուսումը շարունակելու, ինչպես նաև Եվրոպայում տարբեր երիտասարդական ծրագրերի միջոցով կատարելագործվելու և լավագույն բեմերում ելույթ ունենալու համար։  

Երգիչը մեզ հետ կիսվեց նաև «Լուկրեցիայի բռնաբարությունը» (The Rape of Lucretia) օպերայի փորձերի հետաքրքիր դրվագներով։ Նա ժպիտով հիշեց, թե ինչպես վերջին փորձի ժամանակ կար տեսարան, որտեղ Լուկրեցիային մարմնավորող աղջիկը պետք է հարվածեր իրեն, իսկ հարվածն այնքան ուժեղ է լինում, որ վնասում է երգչի կողոսկրը։

«Սկզբում չպատկերացրեցի լրջությունը, բայց ցավերը գնալով ուժեղացան։ Հաջորդ օրը՝ ներկայացման պրեմիերայից առաջ, ստիպված գնացի բժշկի ու պարզվեց, որ ճաք ունեմ։ Այդ օրը ներկայացման ժամանակ հենց այդպես էլ երգեցի,  գործընկերուհուս չէի ասել, որ տրամադրությունը չփչացնեմ, բայց պայմանավորվեցինք, որ ինքն էլ ինձ չի հարվածի, ուղղակի  կձևացնենք։ Իրականում շատ դժվար էր, չէի կարողանում խորը շունչ քաշել,  ցավազրկող խմեցի, որ կարողանայի երգել»,- պատմեց Տիգրանը։

Օպերային ուղղվածության ընտրությունը

Երիտասարդ արտիստը  երաժշտական ուղղության ընտրությունը շատ դժվարությամբ է կայացրել, քանի որ շատ է սիրում և երբեմն կատարում է նաև էստրադային երգեր՝ Շառլ Ազնավուր, Առնո Բաբաջանյան, Ֆրենկ Սինատրա: 

«Ազնավուրի 100-ամյակի առիթով շուտով կներկայացնեմ նրա մի քան երգերից, կլինի նաև տեսահոլովակի պրեմիերա։ Իսկ ինչ վերաբերում է օպերային, ես միշտ ասել եմ, այն մի ուրիշ աշխարհ է, իսկ օպերային երգիչ լինելը միայն երգելը չէ, դու պետք է լինես նաև շատ վարժ ու պրոֆեսիոնալ դերասան, որ կարողանաս էմոցիաներդ փոխանցել հանդիսատեսին»,- ընդգծեց Տիգրան Քախվեջյանը։

Նա նշեց՝ իր համար ոգեշնչման աղբյուր է եղել այժմ աշխարհում ամենահայտնի տենորներից մեկը՝ Յոնաս Կաուֆմանը, իսկ հայ արտիստներից  միշտ օրինակ են եղել և իր կայացման մեջ մեծ ներդրում են ունեցել դասախոս, գործող լավագույն բարիտոններից Առնոլդ Քոչարյանը, տենորներ Արսեն Սողոմոնյանը և  Լիպարիտ Ավետիսյանը։ 

Երաժշտության հանդեպ անսահման սիրուց, տարիների մեծ աշխատանքից ու փորձառությունից ելնելով՝ Տիգրանը այս ոլորտն ընտրող երիտասարդներին խորհուրդ տվեց հավատալ սեփական ուժերին և լսել սրտի ձայնը։ 

«Եթե իրոք սիրում են թատրոնն ու օպերային երաժշտությունը և լավագույն արդյունքին հասնելու համար աշխատում եք այնքան, ինչքան անհրաժեշտ է, անհնար է ինչ-որ լավ ձեռքբերում չունենաք։ Կոնկրետ օպերային արվեստը շատ անձնազոհ ու բարդ ճյուղ է, դու պետք է շատ-շատ բաներից քեզ զրկես ձայնդ չսպառելու համար, բայց վախենալու ոչինչ չկա, եթե սիրում ես»,- ասաց նա։ 

Իսկ լավ երգիչ, արտիստ լինելու համար, ըստ օպերային երգչի, առաջնայինը երաժշտական լինելն ու սեփական ձեռագիրն ունենալն է։ Նա նշեց՝ իհարկե, դասական երաժշտության մեջ փոփոխություններ չես կարող անել, բայց ցանկացած նոր բան ճիշտ մատուցելու պարագայում միշտ էլ կընդունվի և կսիրվի։

«Այստեղ շատ կարևոր է, երբ  խորանում ես բառերի մեջ, վերլուծում ու գտնում ես քո դերը ճիշտ մատուցելու ձևը։ Եթե տեքստը բառ առ բառ չհասկանաս ու չկարողանաս ինքդ վերլուծել ու քո միջով անցկացնել, չես կարողանա ճիշտ մատուցել կերպարը։ Չես իմանա որտեղ ժպտաս, որտեղ տխուր լինես, որովհետև սա  նաև թատրոն է, որտեղ ճիշտ տեխնիկայով ու առողջ հնչողությամբ երգելուն հավասար, պետք է նաև խաղաս»,-ընդգծեց Քախվեջյանը։

Երաժշտության դերը Տիգրանի կյանքում

Անդրադառնալով  իր կյանքում երաժշտության դերին՝ օպերային երգիչն ընդգծեց, որ այն իր համար կյանքի իմաստ է․ «Ես չեմ պատկերացնում ինձ առանց երաժշտության, երբեմն մտածում եմ՝ ինչքան դժվար է այսօր երաժշտությամբ զբաղվելը, որովհետև այս պահին աշխարհում շատ են լավ երաժիշտները, երգիչները,  ու պետք է ինչ-որ մի առանձնահատկություն ու ձեռագիր ունենաս, որ կարողանաս տարբերվել բոլորից, իսկ դա շատ դժվար է։ Բայց ես ընտրել եմ այս ճանապարհը, որովհետև ինձ չեմ պատկերացնում առանց երգի: Իմ կյանքը միշտ ընթացել է արվեստի երկու ճյուղերի հետ՝ նկարչության և երաժշտության, ես միշտ նկարելով երգել եմ, երգելով նկարել եմ, իմ առօրյան միշտ այսպես է եղել։ Այլ կերպ չեմ պատկերացնում»։

Երիտասարդ երգիչը դեռևս հստակ չի պատկերացնում ապագայում որտեղ է լինելու, բայց հույս ունի՝ կհայտնվի մի միջավայրում, որտեղ զբաղվում են լավ երաժշտությամբ՝ լինի դա էստրադային, թե օպերային, կզբաղվի սիրելի գործով և երբևէ կայացրած որևէ որոշման համար փոշմանելու առիթ չի ունենա: 

 

Հայերեն العربية

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը