Հայաստան

ԱՍՀ նախարար Մկրտչյանը Դոհայում մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարար Մկրտչյանը Դոհայում մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և «Education Above All» (EAA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆահադ ալ Սուլեյթին։ 

Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են աղքատության հաղթահարմանն ուղղված իրենց երկրների փորձը, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը՝ այս համատեքստում նախարար Մկրտչյանն ընդգծել է ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման և տնտեսական զորեղացման կարևորությունը։ 

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը, կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտ ծառայություններ մատուցելն ու նրանց կենսամակարդակը բարձրացնելը։ Նախարարի խոսքով՝ այս տեսլականի իրագործմանն են ուղղված նաև ՀՀ զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարությունները, որոնց առանցքում մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծումն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում