ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քանի որ Հարավային Կովկասը բավականաչափ ծանր տարածաշրջան է ներկա աշխարհաքաղաքական մրցակցության իրողությունների համատեքստում, հետևաբար, Հարավային Կովկասում՝ ամբողջապես, և ցանկացած երկրում՝ մասնավորապես, որևէ իրադարձություն չի կարող չունենալ որոշակի արտաքին ենթաշերտ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ներվրացական իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
«Միանշանակ է, որ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, բացի ներպետական գործընթացից, վստահաբար, նաև բավականաչափ մեծ և կարևոր արտաքին բաղադրիչ են պարունակում՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք ակնհայտ մրցակցությունն ինչպես ամբողջ Հարավային Կովկասում, այնպես էլ Վրաստանում։ Եթե անգամ հարևան երկրում չի երևում ՌԴ-ի ուղիղ ազդեցությունը, ապա վրացական արտաքին և արևմտյան կողմնորոշման վրա ազդեցության հնարավորությունը Ռուսաստանի համար առանցքային ուղեգիծ է այսօր Արևմուտքի դեմ ընթացող մրցակցության և հակամարտության շրջանակներում»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ վրացական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործընթացները կամ զարգացումներն Արևմուտքի օգտին չեն՝ հաշվի առնելով Արևմուտքի ուղիղ, ակնհայտ և անթաքույց աջակցությունը վրացական ընդդիմությանը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հավաքական Արևմուտքի ոչ միանշանակ արձագանքը և Վրաստանի արտաքին կողմնորոշման հետ կապված ու դրանում արձանագրված որոշ գործընթացներին առնչվող Արևմուտքի վերաբերմունքը։
«Արևմուտքից հնչող զգուշացումները վերաբերում են թե՛ ԵՄ-ի անդամակցությանը, թե՛ վիզաների ազատականացմանը, թե՛ առհասարակ Արևմուտքի հետ հարաբերություսններին։ Խնդիրն առկա է, և փաստացի մենք ունենք Արևմուտքի անհաջողություն, սխալ հաշվարկ, բայց միևնույն ժամանակ Վրաստանի ներսում եղած բազմաթիվ իրողություններ, որոնք թույլ են տալիս կանխատեսել, որ իրադարձությունները զարգանալու են ինչ-որ բան վերանայելու տրամաբանությամբ։ Մի կողմում կա իշխանություն՝ հստակ նպատակներով, բավականին ազդեցիկ ռեսուրսով, հստակ գաղափարական կողնորոշմամբ, այսինքն՝ Վրաստանը հեռու պահել ցանկացած աշխարհաքաղաքական մրցակցությունից, իսկ մյուս կողմում կա ոչ այնքան միասնական ընդդիմություն՝ առանց խարիզմատիկ առաջնորդի, գաղափարական տարանջատումներով, ներքին որոշակի խնդիրներով: Ուստի նման պարագայում արտաքին աջակցությունը չէր կարող հասցնել ցանկալի արդյունքի, որի հետ կապված հաշվարկներ ուներ հավաքական Արևմուտքը»,- նշեց վերլուծաբանը։
Պետրոսյանի կարծիքով՝ որքան էլ գործընթացների վրա կա արտաքին ազդեցություն, բայց գոնե հետընտրական անցած օրերի զարգացումները թույլ են տալիս ասել, որ առայժմ իրավիճակը կանխատեսելիության հունում է և կարծեք թե ներքաղաքական խմորումների արդյունքում հետագա սուր զարգացումներ այնքան էլ կանխատեսելի չեն։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ հայտատարեց, թե Վրաստանի ձախողումը բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի վրա, Պետրոսյանն ընդգծեց, որ կան նաև փորձագիտական կարծիքներ, որոնց համաձայն՝ Վրաստանում ներքաղաքական ընտրական պրոցեսի ընթացքում աշխարհաքաղաքական մրցակցությունը հօգուտ Ռուսաստանի հանգուցալուծման պարագայում, բնականաբար, էականորեն թուլանալու է Արևմուտքի ազդեցությունը մեր տարածաշրջանում, և այստեղ Հայաստանը կարող է միայնակ մնալ իր գաղափարական և արտաքին քաղաքական ուղղվածությամբ։
«Փաստացի ստացվում է, որ թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանն ընկնում են ռուսական ազդեցության տակ, ուստի Հայաստանը հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է (Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններ, ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակում, ԵՄ-ի հետ այլընտրանքային սահմանի բացակայություն, Ռուսաստան-Իրան բավականին կարևոր հարաբերություններ), մանևրելու հնարավորություններն էականորեն նվազում են։ Սա փորձագիտական վերծությունների մի ուղղության փաստարկումն է, բայց միևնույն ժամանակ կարելի է դիտարկել մյուս տարբերակը ևս. եթե Արևմուտքը վաղուց կորցրել է Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը, կորցնում է իր ազդեցությունը նաև Վրաստանի հանդեպ, և եթե Արևմուտքի համար դեռ կարևոր է մեր տարածաշրջանը, ապա պետք է բոլոր խաղադրույքները կատարի Հայաստանի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի խոսքով՝ այդ դեպքում Հայաստանում և Հայաստանի համար աշխարհաքաղաքական մրցակցությունը կմեծանա, երկրի դերն էլ էականորեն կմեծանա: Սակայն եթե տարածաշրջանային իրավիճակը շարունակի մնալ անորոշ, Վրաստանում արձանագրվածը որոշակի առումով կլինի մարտահրավեր, բայց նաև հնարավորություն, որից, միանշանակ, պետք է օգտվել։
Վերլուծաբանի կարծիքով՝ չի բացառվում, որ ապագայում Արևմուտքի դիրքորոշումն էլ կարող է փոփոխվել, ու եթե Արևմուտքի համար Վրաստանը շատ կարևոր է, ապա պետք է փորձի կրկին գտնել երկխոսության եզրեր և կողմերն ընթանան հարաբերությունները վերականգնելու ճանապարհով: Հետևաբար, իրավիճակը փակուղային չէ, և Վրաստանի նախագահի ու ընդդիմադիր գործիչների հայտարարություններն ունեն ներքաղաքական նշանակություն, որոնց թիրախը նաև հայկական համայնքն է։ Այսինքն՝ փորձ է արվում մտահոգիչ տարրեր պարունակող հայտարարություններով ազդել նաև տեղի հայ համայնքի տրամադրությունների վրա։