Հարցազրույց

Հույս ունեմ, որ Քեմբրիջի համալսարանը իր ներդրումը կարող է ունենալ Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներում. Սթիվ Քինգ

8 րոպեի ընթերցում

Հույս ունեմ, որ Քեմբրիջի համալսարանը իր ներդրումը կարող է ունենալ Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներում. Սթիվ Քինգ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի՝ կրթության համագործակցության ոլորտում կրթական բարեփոխումների ղեկավար Սթիվ Քինգը բարձր է գնահատում կրթության ոլորտում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումներն ու ներդրումները և հույս ունի, որ Քեմբրիջը ևս կարող է իր ներդրումն ունենալ այդ գործում։ 

Սթիվ Քինգը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ խոսելով աշխարհում առկա կրթական միտումների, դրանում Հայաստանի հավանական դերի, ՀՀ կառավարության և Քեմբրիջի համալսարանի միջև համագործակցության, կրթության ոլորտում Հայաստանի ներուժի և այլ հարցերի շուրջ։ 

-Պարոն Քինգ, Դուք Քեմբրիջի համալսարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի՝ կրթության համագործակցության ոլորտում կրթական բարեփոխումների ղեկավար եք, և այս թիմը կենտրոնացած է աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հետ կրթության փոխակերպման ծրագրերի նախագծման, մշակման և իրականացման վրա: Աշխատել եք Ուզբեկստանում, Բանգլադեշում, Ղազախստանում, Մոնղոլիայում, ինչպես նաև Վրաստանում։ Ունենալով նման փորձ՝ ի՞նչ կասեք աշխարհում առկա կրթական միտումների մասին։ 

-Շնորհակալություն շատ լավ հարցի համար։ Ամբողջ աշխարհում ես բազմաթիվ ընթացիկ շարժումներ և փոփոխություններ եմ տեսնում կրթության ոլորտում: Ամենից շատ այն եղանակների միջոցով, որոնցով մենք այժմ հարմարեցնում ենք բազմաթիվ առարկաների դասավանդումն ու ուսումն այն բանի համար, թե ինչպես ուսանողները կարող են դրսևորել իրենց կարողությունները և ինչպես մենք կարող ենք սովորեցնել նրանց այն հմտությունները, որոնք մեզ որպես մարդ յուրահատուկ են դարձնում: Ես նաև տեսնում եմ, որ շատ երկրներ ձգտում են զարգացնել իրենց կրթության ոլորտը, մասնագիտական ​​կրթությունը, անգլերենի ուսուցումը, բայց նաև փորձում են այնպես անել, որ իրենց ուսումնական ծրագիրը, ուսուցումը, ուսումնական նյութերը և քննությունները միմյանց համահունչ լինեն: Դա իսկապես կարևոր է, և մենք դա շատ ենք տեսնում ամբողջ աշխարհում:

-Իսկ ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերը դրանում։

-Հայաստանում կան շատ հիանալի բաներ, որոնք կատարվել են վերջին 10 տարվա ընթացքում: Մենք իսկապես ֆանտաստիկ համագործակցություն ունենք «Այբ» կրթական հիմնադրամի հետ: Նրանք չափազանց լավ են աշխատել «Արարատյան բակալավրիատ» ստեղծելու համար, և ես կարծում եմ, որ կան որոշ ուղիներ, որոնցով Քեմբրիջի հետ «Այբ» հիմնադրամի իրականացրած աշխատանքը կարող է օգուտ բերել համակարգի մնացած հատվածին: Բայց կարծում եմ, որ Հայաստանն ամենուր նույն մարտահրավերներն ունի։ Նրանք ձգտում են զարգացնել քննական համակարգը, որն իսկապես չափում է ուսանողների կարողությունը, և դա այն մարտահրավերներից է, որը մենք ևս կցանկանայինք հասցեագրել:

-Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոսում է կրթության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների մասին։ Ծանո՞թ եք այդ բարեփոխումներին և ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի կառավարությանն այս առումով։

-Այո, ես ծանոթ եմ այդ բարեփոխումներին և գիտեմ, որ իրականում մինչև 2030 թվականի համար իսկապես հիանալի ռազմավարություն կա: Եվ գիտեմ, որ նրանք ծրագրում են շատ լավ միջամտություններ ունենալ դասավանդման ոլորտում, ինչպես նաև հիանալի աշխատանք են կատարել ուսուցման չափորոշիչների և նրանց կարողությունների զարգացման գործում: Գիտեմ, որ նրանք ուսումնական պլանի չափորոշիչների վերաբերյալ իսկապես հիանալի աշխատանք են կատարել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը և Համաշխարհային բանկը, և դա իսկապես հիանալի է: Պարզապես կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարիներին մենք պետք է շարունակենք այս աշխատանքը։ Քեմբրիջը կարող է օգտակար լինել, և մենք կնպաստենք դրան, եթե դա տեղին լինի Հայաստանի համար: Սակայն կարծում եմ՝ նորից պետք է համոզվել, որ ուսումնական ծրագիրը, ուսումնական նյութերը, ուսուցիչները և քննական համակարգը համահունչ են միմյանց: Դա կլինի իմ ամենամեծ խորհուրդը Հայաստանին։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթական ոլորտում աշխատել եք տարբեր երկրների կառավարությունների հետ, մոտ ապագայում նախատեսո՞ւմ եք նման համագործակցություն ծավալել Հայաստանի կրթական ոլորտի հետ։

Այո, հուսով եմ: Մենք որոշակի հետազոտական և նախնական երկխոսություն ունենք նախարարության (խմբ․ նկատի է առնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը) հետ այստեղ՝ Երևանում, և մենք զարգացրել ենք կամ համագործակցություն ենք հաստատում «Այբ» կրթական հիմնադրամի և Teach for Armenia կազմակերպության հետ: Ես զրույց եմ ունեցել Բրիտանական խորհրդի հետ: Այսպիսով, մենք մի քանի վաղ քննարկումներ ունենք այն մասին, թե ի՞նչ կարող ենք անել։ Մենք խոսելու ենք գնահատման մասին, այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել զարգացնել հայկական հրատարակչությունների հմտությունները՝ ավելի լավ դասագրքեր ստեղծելու համար: Մենք կխոսենք ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև ուսումնական պլանի մշակման և զարգացման վերաբերյալ: 

-Պարոն Քինգ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կրթական համակարգը և ընդհանրապես երկրի ներուժն այդ ոլորտում: 

-Կարծում եմ՝ երկրի ներուժն անսահման է։ Ցանկացած երկրի ամենամեծ ռեսուրսն իր ժողովուրդն է: Եվ այն, ինչ ես տեսնում եմ հայ ժողովրդի մոտ և այն մարդկանց մոտ, որոնց ես ճանաչում եմ Հայաստանում, այն է, որ նրանք խելացի են, նրանք անհավանական քրտնաջանությամբ են աշխատում, սիրում են իրենց երկիրը և ցանկանում են, որ այն հաջողության հասնի: Եվ, եթե դուք դա ունեք որպես ձեր ամենամեծ ռեսուրս և քրտնաջան կերպով աշխատում եք այն զարգացնելու ուղղությամբ, ապա չեք կարող ձախողվել: Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանի ունեցած լավագույն և ամենամեծ ռեսուրսը մարդիկ են: Նրանք հսկայական տաղանդ ունեն,  գերխելացի են ու քրտնաջան աշխատում են: Դա իսկապես շատ լավ է:

-Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Ակադեմիական քաղաք կառուցելու նախագիծ։ Ծանո՞թ եք դրան, ի՞նչ կարծիք ունեք նման նախաձեռնության մասին։

-Այո, ես որոշ բաներ լսել եմ Ակադեմիական քաղաքի մասին: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայաստանի կառավարությունը նախատեսում է ներդրումներ կատարել կրթության ոլորտում, ապա այդ ներդրումները միշտ արդյունք են տալիս: Եթե կան գումարներ և ռեսուրսներ, որոնք ուղղվում են կրթության բարելավմանը, ապա դա ռեսուրսի շատ ավելի լավ օգտագործում է: Ես պետք է ավելին իմանամ դրա մասին: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կրթության վրա այս հսկայական կենտրոնացումը և կրթությանը նվիրված քաղաք ստեղծելն իսկապես լավ նշան է, որ Հայաստանը մտածում է իր կրթական համակարգի մասին: Ես այդքան շատ չեմ լսել դրա մասին, բայց, այո, ծանոթ եմ այս նախագծին:

-Պարոն Քինգ, կցանկանայի՞ք որևէ բան հավելել։

-Այո, ինչպես ասացի, Հայաստանը որպես երկիր ունի անսահման ներուժ։ Սա փոքր երկիր է, բայց ձեր ունեցած մտավոր ռեսուրսներն ու այն աշխատանքը, որն արվել է վերջին 10 տարիների ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամում «Արարատյան բակալավրիատ»-ի նման ծրագրեր ստեղծելու ուղղությամբ, խոսում են առկա ներուժի մասին։ Արդեն իրականացված այդ աշխատանքն ու ներդրումը կարող է օգտագործվել ի շահ Հայաստանի յուրաքանչյուր երեխայի: Եվ ես հույս ունեմ, որ Քեմբրիջը կարող է իր ներդրումն ունենալ դրանում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում