Հայաստան

Գարեգին Բ-ն կոչ է արել աշխարհի բոլոր մարդկանց COP29-ի նախօրեին միանալ Բաքվում պահվող հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն կոչ է արել աշխարհի բոլոր մարդկանց COP29-ի նախօրեին միանալ Բաքվում պահվող հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն՝ (ԵՀԽ) արձագանքելով Ամենայն հայոց կաթողիկոսի՝ աշխարհի բոլոր մարդկանց ուղղված կոչին, հրավիրում է բոլորին նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, միանալ Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման :

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ԵՀԽ-ն արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի Բաքվում պահվող 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմն ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի իրենց աղոթքների, շեշտել է, որ քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից.

«Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը՝ շարունակելու աջակցության ցուցաբերումը։

«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։ 

«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։

․․․Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը։

ԵՀԽ-ն Ժնևում Սուրբ Պետրոսի տաճարում նոյեմբերի 10-ին ժամը 17:00-ին կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում