Աշխարհ

Ճապոնիան բողոք է հայտնել ՄԱԿ-ի կոմիտեին՝ գահաժառանգության գենդերային հավասարության կոչի համար

3 րոպեի ընթերցում

Ճապոնիան բողոք է հայտնել ՄԱԿ-ի կոմիտեին՝ գահաժառանգության գենդերային հավասարության կոչի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը չափազանց ցավալի է համարում, որ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն խորհուրդ է տվել վերանայել Կայսերական գահատոհմի օրենքը, որպեսզի գահը ժառանգելիս ապահովվի գենդերային հավասարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։

«Դա չափազանց ցավալի է: Մենք բողոք ենք հայտնել կոմիտեին և պահանջել հանել (այդ հանձնարարականը)», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 29-ին ընդունված փաստաթղթում ՄԱԿ-ի կոմիտեն Ճապոնիային խորհուրդ է տվել ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոնք վերանայել են գահաժառանգության մասին իրենց օրենքները, և «փոփոխություններ մտցնել Կայսերական գահատոհմի մասին օրենքում՝ երաշխավորելու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը գահը ժառանգելիս»։ Քննարկումների ընթացքում Ճապոնիայի պատվիրակությունը պնդել է, որ դա կոմիտեի իրավասության հարցը չէ։

Ներկայում Ճապոնիայում գահը փոխանցվում է միայն արական գծով։ Դրա հետ կապված՝ կան որոշ անհանգստություններ կայսերական տան ապագայի վերաբերյալ, քանի որ ներկայիս կայսր Նարուհիտոն ունի միայն երեք հնարավոր ժառանգորդ՝ նրա կրտսեր եղբայրը՝ 58-ամյա արքայազն Ակիսինոն, վերջինիս որդին՝ կայսեր զարմիկը՝ 18-ամյա արքայազն Հիսահիտոն, ինչպես նաև Նարուհիտոյի հորեղբայրը՝ 88-ամյա արքայազն Հիտատին։

Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ ստեղծել է խորհրդատվական խմբեր, որոնք քննարկել են դժվարին իրավիճակից ելքը: Քննարկվող գաղափարների թվում են եղել կայսերական տան մյուս ճյուղերի իրավունքների վերականգնումը, գահի իրավունքի շնորհումն իգական սեռի հնարավոր ժառանգներին, այսինքն՝ կայսրերի դուստրերի որդիներին, ինչպես նաև ժառանգության իրավունքի տրամադրումն անմիջականորեն կանանց:

Գահը կնոջը փոխանցելու հնարավորության գաղափարը պաշտպանում են Ճապոնիայի բնակչության լայն խավերը։ Այսպես, ապրիլին Kyodo-ի անցկացված հարցման համաձայն՝ բնակչության մոտ 90%-ը հավանություն է տվել դրան։ Այդուհանդերձ, պահպանողականորեն տրամադրված իշխանություններն զգուշությամբ են վերաբերվում այս թեմային և հետաձգում են դրա քննարկումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում