Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսությունը, որը մեկնարկեց հայ-չինական բարեկամության հիմնի հնչյունների ներքո (կոմպոզիտոր` Ջենի Ասատրյան): Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրադարանի չինական հավաքածուի արժեքավոր նմուշներ, Մատենադարանում պահվող հնագույն չինական ձեռագրերի թվայնացված նմուշներ (պատճեններ)։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր ելույթում խոսեց Հայաստանի ազգային գրադարանի չինական հավաքածուի հազվագյուտ նմուշների, մասնավորապես չինարենից հայերեն և հայերենից չինարեն թարգմանված մի շարք գրքերի, «Սասունցի Դավիթ» էպոսի չինարեն թարգմանության մասին։ 

Չուլյանը մասնավորապես ներկայացրեց գրադարանում պահվող համաշխարհային գրականության, մասնավորապես չինական գրականության առցանց հավաքածուն։ Շատ այլ հարցերի թվում նա անդրադարձավ հետագա համագործակցության շրջանակին, որն իր մեջ ներառում է տեղեկատվության և գրադարանային փորձի փոխանակում, գրադարանային նյութերի փոխանակում, դասընթացների, վարպետության դասերի, ցուցահանդեսների, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպում, գիտահետազոտական համագործակցություն։

Միջոցառման գեղարվեստական մասում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Քսենիա Անդրեյենկոն կատարեց Այշայի պարը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, «Վիկտորիա» պարարվեստի դպրոց-ստուդիայի սաները ներկայացրին հայկական և չինական պարային կատարումներ։ Երեխաները երգեցին հայերեն և չինարեն երգեր՝ երկկողմանի թարգմանությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև «Չինական գիտության և մշակույթի կենտրոնի» ուսուցողական տեսահոլովակները:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 简体中文