Մշակույթ

Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջատար դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում. Վահան Կոստանյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջատար դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում. Վահան Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջատար դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթի միջոցով երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության խթանման գործում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում բացման ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Վերջինս նշեց, որ Մատենադարանը ոչ միայն հայկական առանցքային գիտահետազոտական կենտրոններից է, այլև հայոց բազմադարյա մշակութային արժեքների պահոցը, որտեղ պահպանվող տասնյակ հազարավոր փաստաթղթեր ներկայացնում են Հայաստանի և աշխարհի տարբեր ազգերի հարուստ պատմությունը։

«Մատենադարանն այսօր նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության վերականգնման և թվայնացման կարևոր կենտրոն է։ Այս առումով այն հատկապես խորհրդանշական վայր է այսօր տեղի ունեցող մեր համաժողովի համար, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման նորարարական ուղիներին», - ասաց Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ միջոցառման անցկացման գլխավոր առիթը զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին Հաագայի կոնվենցիայի 70-ամյակն է։

Նա նաև հավելեց, որ այդ կարևոր տարեթիվն արժևորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերհիշել 20-րդ դարի պատմությունը, մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերիչ հետևանքները, երբ մշակութային կորուստներն ի հայտ բերեցին մշակութային ժառանգության պահպանման համար միջազգային իրավական շրջանակ ստեղծելու անհրաժեշտությունը։  

«1954 թվականի Հաագայի կոնվենցիան դարձավ քաղաքակիրթ աշխարհի արձագանքը մշակութային ժառանգության ավերածություններին և միտումնավոր ոչնչացումներին։ Այսօր Հաագայի կոնվենցիան կենդանի վկայությունն է միջազգային հանրության հանձնառության՝ պահպանելու մեր համատեղ ժառանգությունը և ապագա սերունդներին փոխանցելու հանդուրժողականության և հարգանքի վրա հիմնված աշխարհ», - ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը` հավելելով, որ ներկայում քաղաքակիրթ աշխարհը արժեքների պահպանության հարցում բախվում է աննախադեպ մարտահրավերների։ 

Վահան Կոստանյանն ընդգծեց, որ հենց այդ նպատակով էլ որոշում է կայացվել Մատենադարանում անցկացվող միջազգային հանդիպումը նվիրել նորագույն տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պահպանության հարցերին։ Նրա դիտարկմամբ՝ այդ տեխնոլոգիաները կարող են արմատապես փոխել ամբողջ մասնագիտական դաշտը և նորագույն գործիքների կիրառմամբ՝ մարդկության մշակութային գանձերը փաստաթղթավորելու, պահպանելու և պաշտպանելու հնարավորություն տալ։

«Այս հանդիպումը չենք դիտարկում որպես մեկանգամյա իրադարձություն, այլ որպես առաջին քայլ՝ այս ոլորտում Հայաստանի հանձնառությունն ամրապնդելու համար։ Որպես զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ՝ Հայաստանը հավատարիմ է նման նախաձեռնություններն առաջնորդելուն», - շեշտեց Վահան Կոստանյանը՝ հույս հայտնելով, որ այս փորձագիտական հավաքի արդյունքում գեներացված գաղափարներն ու առաջարկները կվերածվեն միջազգային հետևողական ջանքերի և կօգնեն որոշում կայացնողներին նոր տեխնոլոգիաները ներառել համապատասխան ռազմավարությունների և ուղեցույցների մշակման գործում։

Կոստանյանը նաև ուրախությամբ արձանագրեց, որ աշխարհի տարբեր երկրների գործընկերներ և փորձագետներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Մատենադարանում անցկացվող հանդիպմանը։

«Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջատար դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթի միջոցով երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության խթանման գործում», - ասաց Կոստանյանը՝ մասնակիցների մաղթելով արդյունավետ և բովանդակալից քննարկումներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում