Հանրահայտ ռեժիսորը տեխնոլոգիաների զարգացումը ֆիլմերի պատմություններն ավելի նորարարական եղանակով պատմելու միջոց է համարում

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլմերի հանրահայտ ռեժիսոր, անիմատոր Աարոն Բլեյզը կարծում է, որ ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական զարգացումները կինոարտադրության աշխարհը փոփոխությունների են ենթարկել՝ միաժամանակ ֆիլմերի հեղինակներին հնարավորություն տալով իրենց պատմությունները պատմել ավելի նորարարական մեթոդներով: 

Աարոն Բլեյզը, ում մասնակցությամբ ու խորհրդով Disney-ը ստեղծել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Առյուծ արքան», «Պոկահոնտաս»-ը, «Մուլան»-ը, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր բազմամյա գործունեությունն ու անդրադարձել է ժամանակակից կինոարտադրությանը, հայկական արտադրության անիմացիաներին և այլ հարցերի:    

- Շատերիս համար Disney-ը մեծ երազանք է, իսկ ընկերության մուլտֆիլմերը՝ բարին չարից զատելու, սերն ու նվիրվածությունը գնահատելու, մտերիմներին արժևորելու լավագույն օրինակ։ Դուք Ձեր կյանքի 21 տարին նվիրել եք Disney-ին։ Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար, ի՞նչ դերակատարություն է ունեցել Ձեր կյանքում։ 

-Այն ինձ համար ամեն ինչ էր: Դա իսկապես իմ ողջ կարիերայի մեկնարկն էր: Դա այն տեղն էր, որտեղ ես սովորեցի անիմացիա: Նախքան Disney-ում լինելը ես ցանկանում էի նկարիչ լինել: Եվ ես որոշեցի շարժվել այլ ուղղությամբ և տեսնել, թե ի՞նչ կարող եմ անել Disney-ում, որպեսզի տեսնեմ, թե արդյոք կարո՞ղ եմ անիմացիա անել: Եվ այսպես, ես բերեցի այնտեղ իմ նկարչական ունակությունները, հետո սովորեցի անիմացիա, և այն իսկապես բացեց ինձ համար կինոյի մի ամբողջ աշխարհ, որպեսզի ես կարողանայի ստեղծագործել այն ամենի շուրջ, ինչի մասին երբևէ երազել էի մինչև այդ: Այսպիսով, այն իսկապես ինձ համար մի ամբողջ աշխարհ բացեց, ուստի Disney-ն ինձ համար ամեն ինչ է նշանակում:

-Ձեր մասնակցությամբ, Ձեր խորհրդատվությամբ Disney-ը ստեղծել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Առյուծ արքան», «Պոկահոնտաս»-ը, «Մուլան»-ը և այլն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ առանձնահատկություններ ունեն այդ ֆիլմերը։

-Disney-ի հիանալի կողմերից մեկն այն է, որ այն ստեղծում է իսկապես հիանալի կերպարներ և հրաշալի աշխարհներ, որպեսզի այդ կերպարները բնակվեն և դառնան դրանց մի մասը, ինչպես նաև հրաշալի պատմություններ, որոնք առաջ են մղում այդ կերպարներին: Կարծում եմ՝ դա մի բան է, որով Disney-ն առանձնանում է: Ըստ իս՝ դա է պատճառը, որ Ձեր նշած ֆիլմերը 30, 35 տարեկան են, սակայն շարունակում են դիտարժան լինել, դրանք անժամկետ են: Նրանց առանձնացնում է այն, որ նրանք պարզապես շատ ուժեղ կերպարների վրա հիմնված պատմություններ են: Եվ նույնիսկ «Պոկահոնտաս»-ը, որը շատ ամերիկյան պատմություն է, իսկապես իր  արձագանքն է ունեցել ամբողջ աշխարհում: Ես դա նույնպես շատ հետաքրքրաշարժ եմ համարում: 

-Պարոն Բլեյզ, անիմացիոն արվեստը չափազանց ընդգրկուն է, և յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներով հարուստ, իր պատմությունն ու արվեստը, մշակույթը ներկայացնող անիմացիա ունի, սակայն Disney-ի ֆիլմերն օրինակելի են մինչ օրս, կարող ենք ասել՝ բրենդային են։ Ո՞րն է գաղտնիքը։

-Գաղտնիքն այն է, ինչի մասին ես խոսում էի: Դա իսկապես հրաշալի պատմություններ վերցնելն ու դրանք լավագույնս պատմելն է, հիշվող կերպարներով համալրելը։ Նաև կարևոր է պատմվածքը ներկայացնելիս անկեղծ ու զգացմունքային լինելը: Այնպես որ, հաճախ մարդիկ փորձում են պատմություններ պատմել մարքեթինգի կամ նման այլ բաների համար, իսկ դա սրտանց չէ, և ես կարծում եմ, որ դա այն է, ինչում Disney-ն իսկապես ուժեղ է․ խոսքն այդ պատմությունները ի սրտե ներկայացնելու մասին է: Եվ պատմություններից շատերը գոյություն ունեցող պատմություններ են, որոնք կան հարյուրավոր տարիներ և, հետևաբար, դրանք արդեն հաստատված են: Disney-ը միշտ իսկապես հիանալի է ստեղծարարության մեջ:

-Դուք նկարահանել եք «Եղբայր արջը» լիամետրաժ ֆիլմը, որն առաջադրվել է «Օսկար»-ի, իսկ այժմ աշխատում եք նոր 2D «Սպիտակ արջը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի առաջխաղացման ուղղությամբ։ Կարո՞ղ ենք ասել, որ կենդանիների լեզվով խոսելը երբեմն ավելի հեշտ է այնպես, ինչպես Դուք եք նրանց ստեղծել այդ ֆիլմերում։

-Այո: Երբեմն դա ավելի հեշտ է և հաճելի: Ավելի լավ է ծանր թեմա վերցնել և պատմել այն կենդանիների միջոցով: Այդ թեմաներն ավելի ուժեղ են ներազդում, երբ ներկայացվում են կենդանիների միջոցով, և ես կարծում եմ, որ դա ավելի հեշտ է հասկանալ: 

-Հաճախ անիմացիան բարդագույն խնդիրները վառ գույներով, թվացյալ ավելի մատչելի ձևով բարձրաձայնելու, հանրության լայն շրջանակին լսելի դարձնելու առաքելություն է կատարում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխակերպումների է այն ենթարկվել տարիների ընթացքում։ 

-Շատ է փոխվել։ Իմ կարծիքով՝ պատմություններն են մի փոքր փոխվել: Կարծում եմ, որ պատմությունները դարձել են ավելի շատ միջազգային, և մենք ավելի շատ ենք տեսնելու այդպիսի պատմություններ: Կարծում եմ, որ մենք կտեսնենք մշակութային առումով ավելի տարաբնույթ պատմություններ: Բայց կարծում եմ՝ ամենամեծ փոփոխությունն այն ձևն է, որով մենք նկարահանում ենք ֆիլմերը: Տեխնոլոգիան փոխվում է, և դա մեզ հնարավորություն է տալիս պատմությունները պատմել տարբեր՝ նոր, նորարարական ձևերով: Եվ դա այն է, ինչն ինձ համար հետաքրքիր է դառնում: 

-Ձեր երկարամյա փորձը, հմտությունները հնարավորություն են տվել հիմնել CreatureArtTeacher.com-ը, որը բարձրորակ արվեստագիտական կրթություն է ապահովում բոլորի համար։ Հարթակն արդարացնո՞ւմ է Ձեր սպասելիքները։

-Այո, դա պատճառներից մեկն է, որ ես սիրում եմ այստեղ գալ՝ այս փառատոնին, քանի որ այն անում է հենց նույնն, ինչ ես եմ փորձում անել իմ կայքում: Բայց գիտելիք փոխանցելու գաղափարն է եղել այդ բիզնեսը սկսելու իմ ամբողջ գաղափարը: Ես 30 տարվա փորձ ունեմ և ցանկանում էի այդ գիտելիքները փոխանցել կինոարտադրություն մտնող երիտասարդ արվեստագետներին: Եվ այս փառատոնը հենց դա է անում: 

- Հայաստանում եք «ՌեԱ» փառատոնի շրջանակում, որի ավարտական ֆիլմերի ժյուրիի կազմում եք։ Հասցրե՞լ եք դիտելը ֆիլմերը, եթե այո, ի՞նչ կարծիք եք ձևավորել։

-Դա հրաշալի էր։ Կան շատ հիասքանչ մարդիկ ամբողջ աշխարհից, ովքեր եկել են ուսուցանելու: Դա մեկ բան: Այն, ինչ ես սիրում եմ, դրանում ներգրավված երիտասարդ արվեստագետներն են, որոնք ցանկանում են ֆիլմեր նկարահանել և պատմություններ պատմել: Նրանք լիովին ներգրավված և ընդունված են այս փառատոնում և ոգեշնչված են դրանով: Եվ դա ինձ ոգեշնչում է։ Ես իսկապես սիրում եմ այդ գաղափարը: 

- Պարոն Բլեյզ, ծանո՞թ եք հայկական արտադրության անիմացիային:

-Միայն այն փոքր մասը, որը ես տեսել եմ՝ գտնվելով այստեղ: Եվ ես տեսել եմ փոքր կտորներ Միացյալ Նահանգներում, բայց ոչ շատ: Քանի որ այստեղ եմ, կարողացել եմ բավականին ծանոթանալ դրան:

- Պարոն Բլեյզ, կցանկանայի՞ք որևէ բան հավելել:

-Ես պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, Վրեժ Քասունուն և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են փառատոնում: 

-Շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար:

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 20-26-ը՝ Երևանում, արվեստասերներին հնարավորություն է տվել դիտել 250-ից ավելի հետաքրքիր ֆիլմեր, մասնակցել շնորհանդեսների, աշխատարանների, վարպետության դասերի, հանդիպել ականավոր հյուրերի հետ։

«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) 2009 թվականին հիմնադրել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին։ Այն խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն»  ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։ 

«ՌեԱ» փառատոնի նպատակը Հայաստանում, Հարավային Կովկասում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։ 

Փառատոնը կազմված է 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմեր, MarAni անիմացիոն շուկա և Rea Comics Art-ը։

Իր հիմնադրման օրվանից ի վեր «ՌեԱ» փառատոնը ներգրավել է ավելի քան  40 հազար հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն  130 հովանավորից,  հյուրընկալել է  ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օր․՝ Տիցիանա Լոսկի, Ժան-Պոլ Կոման, Դեվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդին, Բիլ Փլիմփթոն և այլն) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։

Հարցազրույցի հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում