Եվրոպա

ԵՄ-ն նախազգուշացրել է Հյուսիսային Կորեային չմասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն նախազգուշացրել է Հյուսիսային Կորեային չմասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը խորապես անհանգստացած է այն հաղորդագրությունների առնչությամբ, ըստ որոնց ԿԺԴՀ-ն զինծառայողներ է ուղարկում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 24-ին տարածվել է Եվրամիության անունից։

«Դա կլինի միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության ամենահիմնարար սկզբունքների լուրջ խախտում։ Դա կընկալվի որպես միակողմանի թշնամական գործողություն ԿԺԴՀ-ի կողմից, որը լուրջ հետևանքներ կունենա եվրոպական և գլոբալ խաղաղության ու անվտանգության համար», - նշված է հայտարարության մեջ։ 

Բացի այդ, ԵՄ-ն խստորեն դատապարտում է Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցության խորացումը, մասնավորապես՝ զենքի մատակարարումները, «որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր»։

«ԵՄ-ն ԿԺԴՀ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Ռուսաստանի անօրինական ռազմական գործողություններին» - հավելել է Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ ԵՄ-ն կհամակարգի իր գործողությունները, ներառյալ պատասխան միջոցները, միջազգային գործընկերների հետ։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 3000 զինվորի, որոնք կարող են տեղափոխվել Ուկրաինայում կռվելու։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել այս հաղորդագրությունները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում