ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը քրեականացվում է՝ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
«Քաղաքացիներն ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները: Օրինակ՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը և էլեկտրոնային ծանուցմամբ կգնան նոր տեղամաս՝ քվեարկության, առանց թղթային տեղեկանքի»,-ասաց Հարությունյանը:
Հաշմանդամության և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք ևս էլեկտրոնային դիմումով կկարողանան ընտրել իրենց համար ավելի մատչելի ընտրական տեղամաս, տեսողության խնդիրներ ունեցող անձինք կապահովվեն լրացուցիչ միջոցներով:
«Քրեականացվում է ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Նախատեսվում է կարճաժամկետ ազատազրկում 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ է պատժվելու առավելագույնը 3 տարի ժամկետով»,-ասաց փոխնախարարը:
Միասնականացվում են հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները: Ներկայումս թե խորհրդարանական, թե ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամկետների հարցում սահմանված է տարբերակված մոտեցում: Արտահերթ ընտրությունների դեպքում առավել սեղմ ժամկետ է նախատեսված, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ պատրաստվելու ընտրական գործընթացներին:
«Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները ևս կարող են հավատարմագրվել: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը, որպեսզի մեր քաղաքացիների ապրելու միջավայրը, փողոցները, բազմաբնակարան շենքերը, պատշգամբները չլցվեն քարոզչական պաստառներով»,-ասաց Հարությունյանը:
Հստակեցվում է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում: Ներկայումս օրենքն արգելվում է ընտրությունների նշանակումն ու անցկացումը ռազմական և արտակարգ դրության պայմաններում: «Հնարավորություն տալու հարց է առաջացել՝ հաշվի նստելով նոր իրողությունների հետ: Մյուս բոլոր դեպքերում ընտրական գործընթացը կկասեցվի և կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել որոշակի բացառություններով»,-ասաց Հարությունյանը:
Վարչական պատասխանատվություն կնախատեսվի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, սահմանված կարգի խախտմամբ կամ չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար: