Կրթություն

Կառավարությունը դիտարկում է Ակադեմիական քաղաքում մետրոյի կանգառ ունենալու հնարավորությունը

5 րոպեի ընթերցում

Կառավարությունը դիտարկում է Ակադեմիական քաղաքում մետրոյի կանգառ ունենալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց նախագծի, որով առաջարկվում է թույլատրել Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության հարցով ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «Սիստեմատիկա» ընկերությունից։ 

«Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ դարձավ, որ ակադեմիական քաղաքների հաջողության հիմնական պայմանը նրանց տրանսպորտային կապվածությունն ու շարժունության հնարավորություններն են: Կախված նրանից, թե ինչ հաջողությամբ է այդ խնդիրը լուծված՝ էապես հաջողում է նաև նման նախագիծը»,–ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ այդ նախագծի շրջանակում ակնկալում են ստանալ տրանսպորտի և շարժունակության մաստեր պլանը: 

«Շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով, ինչ երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաք: Հայեցակարգային պատկերացումն այն է, որ նրանց համար, որոնք ուզում են ավտոմեքենայով գալ Ակադեմիական քաղաք, մենք Ակադեմիական քաղաքի շուրջ պետք է ունենանք շրջանաձև ճանապարհը, որը տրանսպորտային շարժի վերջին գիծը պետք է լինի: Այսինքն՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան մեքենայով գալ, հասնել այդտեղ, իսկ Ակադեմիական քաղաքի ներսում ոտքով կամ հեծանով շարժվելը, ըստ մեր նախագծի, բարդություն չի ներկայացնելու»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը ցանկանում է ուղևորափոխադրման հիմնական միջոց դարձնել երկաթուղին, երկաթգծի կայարանը: 

«Մենք փորձ ենք արել, և այսօրվա ենթակառուցվածքներով «Սասունցի Դավիթ» կայարանից մինչև Ակադեմիական քաղաքի տարածք տևել է 25 րոպե՝ այսօրվա դանդաղ ընթացքում»,–ասաց նա՝ հավելելով, որ շարժակազմերի, ռելսերի բարելավման արդյունքում այդ ժամանակն  էականորեն կարող է կրճատվել:

Կառավարությունը պետք է լուծի նաև օդանավակայաններից Ակադեմիական քաղաք երթուղիների հարցը: «Նաև պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես ենք Ակադեմիական քաղաքի տրանսպորտի հարցը համադրելու մարզային տրանսպորտային համակարգի հետ»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ արագ կսկսեն մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: 

«Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ հետագայում պետք է մտածենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառը, նաև հետագայում այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Այս պարագայում կստացվի, որ Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն: Մեզ հայտնի վերջին կանգառ հասկացությունը կարող է վերանալ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են մեկ անձից գնում անում՝ վարչապետը հիշեցրեց, որ «Ակադեմիական քաղաք»-ը 2021-ի ընտրությունների իրենց նախընտրական ծրագրի մի մաս է: «Մենք որոշ ժամանակ կորցրեցինք: Բայց կարծում եմ, որ այսօր արդեն ունենք կատարված այնպիսի աշխատանք, որ կարող ենք ասել, որ կորսված ժամանակը վերականգնված է: Մենք հիմա փնտրում ենք շուկայում հայտնի ընկերությունների և ուզում ենք լավ վարկանիշ ունեցող ընկերությունների հետ աշխատել այս կարևոր նախագծի կազմակերպչական հարցերի վրա լրացուցիչ ժամանակ չկորցնելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց՝ քիչ դեպքերից է, որ կա արդյունք, որից ինքը շատ գոհ է: Գերմանացի գործընկերների հետ աշխատանքի արդյունքում «Ակադեմիական քաղաք» նախագիծը դարձել է կոնկրետ տեսանելի, նույնիսկ շոշափելի իրողություն: Առաջիկայում կքննարկվեն իրագործման փուլերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում