ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու տուրքերը կբարձրանան
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու տուրքերը կբարձրանան․ քաղաքացիություն ստանալու տուրքը 1000 դրամի փոխարեն կդառնա 50 հազար դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը՝ 25 հազար դրամի փոխարեն կսահմանվի 150 հազար դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստում:
«Նախատեսվում է բարձրացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար 50 հազար և 150 հազար դրամ՝ համապատասխանաբար 1000 և 25 000 դրամի փոխարեն»,–ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Միևնույն ժամանակ, առաջարկվում է պետական տուրքի վերանայման կարգավորումը չտարածել փախստականների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող հայրենակիցների նկատմամբ: Ավելին՝ առաջարկվում է առհասարակ բոլոր փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման համար դիմելու տուրքի պահանջից:
«Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորությունը, որի պայմաններում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստուգելու է դրանց ամբողջականությունը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերն անձամբ ներկայացնելու լիազոր մարմնին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանատուն կամ հյուպատոսական հիմնարկ»,-ասաց Ղազարյանը:
Ընդ որում, հնարավորություն է ընձեռնվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր հարցումները համապատասխան այլ մարմիններին իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ էականորեն դյուրացնելով վարչարարությունը: Այնուամենայնիվ, նույնականացման համար անձը մեկ անգամ անձամբ պետք է ներկայանա փաստաթղթերով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև կապված ԼՂ-ից բռնի տեղահանումների հետ, անձնագրային բաժանմունքներում շատ մեծ հերթեր էին և հետաքրքրվեց, թե խնդիրն ինչպե՞ս են կարգավորում:
Նախարարի խոսքով՝ հերթերը բավականին թեթևացել են, կապված են եղել հիմնականում ամառային սեզոնին հանգստի գնալու հետ: «Հաշվարկներ ենք արել, որ այս համակարգը ներդնելուց հետո թողունակությունը մոտ 20 տոկոսով կթեթևանա մեզ մոտ»,-նշեց Ղազարյանը:
Վարչապետը հետաքրքրվեց նաև շրջիկ անձնագրային ծառայության գործունեությունից: Նախարարը հայտնեց, որ ստեղծել են մեկ շրջիկ գրասենյակ: Վերջին այցը եղել է Լոռու մարզ, դիմել է ընդամենը 1 քաղաքացի: