ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ձեռագրերի պահպանման արդիական այս ենթակառուցվածքն ընդլայնելու է գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները:
ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանի խոսքով՝ շատ կարևոր և մեծ առաքելություն է կանգնել ազգային, ինչպես նաև Հայաստանի վաղվա օրվան միտված արժեքներ ստեղծողների կողքին:
Այս օրերին՝ հոկտեմբերի 9-12-ը, Մատենադարանում արդեն 13-րդ անգամ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբել գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: Այս տարի սեմինարն անցկացվել է ԱրարատԲանկի, Եվրամիության և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ:
«Մենք առաջնահերթ ենք համարում և մեր հիմնական սոցիալական ծրագրերի ուղղվածությունները բերում ենք այն հարթակներ, որտեղ ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների ստեղծման, կրթության և վաղվա օրվան միտված ծրագրեր են իրականցվում: Եվ ԱրարատԲանկի այս հիմնական ուղղությունները մեծ մասամբ համընկնում են այն ծրագրերին, որոնք Մատենադարանն իրականացնում է: Իսկ ինչ վերաբերում է միջազգային սեմինարին, այն ունի բացառիկ մեծ նշանակություն։ Արդեն 13-րդ անգամ այդ սեմինարը տեղի է ունենում Մատենադարանում՝ համախմբելով տասնյակ միջազգային կառույցների ու հեղինակավոր ինստիտուտների ներկայացուցիչների, գիտնականների»,- ընդգծեց Անանյանը:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի համոզմամբ՝ լաբորատորիան որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում և էապես նպաստելու է նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնման գործում։
«Այսօր գիտությունն առանց համապատասխան տեխնոլոգիաների և տեխնիկայի կիրառման ուղղակի դժվար է պատկերացնել, իսկ այս լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն է տալու համագործակցել առավել խոշոր և մասնագիտացված կենտրոնների հետ: Կարծում եմ, որ ի դեմս ԱրարատԲանկի՝ մենք նվաճում ենք հովանավորչության մի նոր մակարդակ, երբ հովանավորը չի դիրքավորվում որպես հովանավոր կամ աջակցող, այլ սա անում է քրիստոնյայի խոնարհությամբ և այն բարձր գիտակցությամբ, թե ինչ է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, իսկ ես միշտ ասել եմ, որ այն համահայկական պատասխանատվության կենտրոն է»,- նշեց Խզմալյանը։
Մատենադարանի վերականգնման բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։
Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, կարևորելով լաբորատորիայի դերն, ընդգծեց՝ այն միանշանակ բարձրացնելու է բաժնի աշխատանքների որակը՝ այն դարձնելով ժամանակակից և մրցունակ:
Միջազգային սեմինարի շրջանակում նաև բացվեց Մատենադարանի աշխատակիցների կողմից վերականգնված գրավոր նմուշների ցուցադրությունը՝ «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով։