Մշակույթ

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Գերմանիայի Մյունսթերի համալսարան

4 րոպեի ընթերցում

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Գերմանիայի Մյունսթերի համալսարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.` Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն  համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։  

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր․ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին.

«Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել և պեղել է եկեղեցու առանձին մասերը և ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական ​​փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»:

Համալսարանի հոդվածը հղում է անում նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ  Զարդարյանին.

«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։  

Արարատյան դաշտավայրում պեղումներով հայտնաբերված եկեղեցական կառույցը տիպաբանորեն համապատասխանում է վաղ քրիստոնեական  համալիրներին։ Խաչաձև տարածվող կառույցում հետազոտողները հայտնաբերել են նաև փայտե հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թվագրման, մ.թ. 4-րդ դարի կեսերի են: Ութանկյուն կառույցի տրամագիծը մոտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով հատակ և հախճապակյա սալիկներ։ Իսկ մարմարե գտածոները ցույց են տալիս, որ կառույցը շռայլորեն զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։

Գերմանա-հայկական թիմը «Արտաքսատա» նախագծով» (AGAP) Հայաստանում է սեպտեմբերից։ Մյունսթերի համալսարանը, որի հնագետներն ընդգրկված են այս նախագծում, տեղեկացնում է՝  խումբը կշարունակի պեղումները և հույս ունի նոր գտածոների մասին ևս փաստել, նաև պարզել՝ ում է նվիրված եղել այս եկեղեցին։

Հոդվածում ներկայացվում է՝

«Արտաքսատան (Արտաշատ) Հայաստանում այն տարածքում է, որտեղ, ըստ ավանդության, բանտարկության մեջ է պահվել Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան մեր թվարկության 301 թվականին հայոց Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեության ընդունումը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Նոր հայտնաբերված եկեղեցուց շատ փոքր հեռավորության վրա է միջնադարյան Խոր Վիրապ վանքը, որը հիշեցնում է այդ ավանդույթը»։

Հայ-գերմանական հետազոտական ​​խումբը 2018 թվականից ուսումնասիրում է Արարատյան դաշտի հելլենիստական ​​Արտաքսատա (Արտաշատ) մետրոպոլիան։ Հնագույն քաղաքի հնագիտական պեղումների նախագիծը ֆինանսավորում են Գերմանական հետազոտական ​​հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ-ն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում