Մշակույթ

Օշականում նշվել է Թարգմանչաց տոնը

3 րոպեի ընթերցում

Օշականում նշվել է Թարգմանչաց տոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օշականում  հոկտեմբերի 12-ին նշվել է Թարգմանչաց տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում  գրողներն ու թարգմանիչները մասնակցել են Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված պատարագին և ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: 

Եկեղեցու դպրատանը տեղի է ունեցել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի հանձնումը:  Այն  սկսվել է  Տեր Գարեգին քահանա Արսենյանի օրհնությամբ: 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ասել է․ «Բազմադարյա է մեր թարգմանական արվեստը: Նշանավորելով ժամանակակից թարգմանիչներին՝ մենք մեր տուրքն ենք մատուցում առաջին թարգմանիչներին: Առանց նրանց թարգմանած գրքերի, առանց «Աստվածաշնչի» թարգմանության մենք լիարժեք գրականություն չէինք կարող ունենալ: «Կանթեղ» մրցանակը միջազգային համարում ունի, քանի որ նրանով պարգևատրվել են շատ հայտնի թարգմանիչներ, որոնք հայ գրականություն են թարգմանել»: 

Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը մրցանակները հանձնել է թարգմանիչներին: Հենրիկ Բախչինյանին  մրցանակ է շնորհվել  ֆրանսերենից հայերեն թարգմանական վաստակի համար: Սերգեյ Մկրտչյանին մրցանակը տրվել է   ֆրանսերենից և անգլերենից հայերեն թարգմանական վաստակի համար: Ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն  թարգմանությունների համար մրցանակ է տրվել Անուշավան Մեսրոպյանին, որը հանձնվել է նրա քրոջը՝ Կարինե Մեսրոպյանին, քանի որ Ուկրաինայում պատերազմի պատճառով նա չէր կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը: Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել ստացած մրցանակների համար: Իրենց թարգմանություններն ընթերցել են Լևոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը, Բաբկեն Սիմոնյանը,  Շանթ Մկրտչյանը, Արևշատ Ավագյանը, Արտավազդ Նազարյանը և Հերմինե Նավասարդյանը: 

Նինո Սպանդերաշվիլին ընթերցել է իր բանաստեղծությունները վրացերեն լեզվով, իսկ Տիգրան Գաբոյանն ընթերցել է իր բանաստեղծությունների արաբերեն թարգմանությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում