Տնտեսություն

Հստակ ռազմավարության դեպքում հնարավոր է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային զբոսաշրջային շուկայում. տնտեսագետ

8 րոպեի ընթերցում

Հստակ ռազմավարության դեպքում հնարավոր է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային զբոսաշրջային շուկայում. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 14  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի կրճատումը գերազանցապես պայմանավորված է ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի նոսրացմամբ, ինչին էլ նպաստել են տարբեր գործոններ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած վերջին տվյալներին, այդ մասին նշեց ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Թովմասյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 1.7 մլն զբոսաշրջիկ՝ ավելի քան 127 հազարով պակաս, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Այցելությունների քանակը կրճատվել է մոտ 7.3 տոկոսով: Ինչո՞ւ է Հայաստանն այս տարի պակաս գրավիչ եղել արտասահմանցի այցելուների համար: 

Ոլորտն ուսումնասիրող տնտեսագետ Գայանե Թովմասյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 2022 և 2023 թվականներին Հայաստանի զբոսաշրջային ցուցանիշի կտրուկ աճը բացառապես պայմանավորված էր ռուս-ուկրաինական հակամարտության գործոնով, որն այդ երկրների շատ բնակիչների ստիպել է հեռանալ հարազատ վայրերից: Նրանք հանգրվանել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստան էր այցելել 1 մլն 665 հազար 658 զբոսաշրջիկ՝ շուրջ 90 տոկոսով ավելի, քան դրանից մեկ տարի առաջ: 2022-ին մեր երկիր ժամանած արտասահմանցիներից 790 հազար 397-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: Մինչդեռ, 2021-ին այդ երկրից ժամանել էր 351 հազար 801 մարդ: Այսինքն, մեկամյա կտրվածքով Հայաստան եկած ռուսաստանցիների թիվն ավելացել էր 2.2 անգամ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը և ընդհանուր ցուցանիշում ռուսաստանցիների համամասնությունը շարունակել է աճել նաև 2023 թվականին: «Անցյալ տարի այցելությունները մեկամյա կտրվածքով աճել էին 39 տոկոսով: Մեր երկիր էր եկել 2 մլն 316 հազար 666 արտասահմանցի, որոնցից 1 մլն 139 հազար 853-ը ռուսաստանցիներ էին: Այսինքն, 2022-ի համեմատ նրանց թիվն ավելացել էր 44 տոկոսով»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ խորապատկերում այս տարի իսկապես առկա է ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի որոշակի կրճատում։

«ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ունեցել ենք 1 մլն 722 հազար 595 հյուր՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 1 միլիոն 849 հազար 973-ի դիմաց: Ընդ որում, նախորդ տարվա առաջին 9-ը ամիսներին Ռուսաստանից ժամանածները կազմել էին ընդհանուր թվի 51, իսկ հիմա՝ 43 տոկոսը: Դա նշանակում է, որ 2023-ի 9 ամիսներին Հայաստան է այցելել 943 հազար 486, իսկ այս տարի՝ 740 հազար 715 ռուսաստանցի զբոսաշրջիկ: Հարկ է նշել, որ այլ երկրների մասով զբոսաշրջային այցելությունների կտրուկ նվազում չունենք»,- արձանագրեց Թովմասյանը: 

Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ծավալի կրճատումը: Տնտեսագետի կարծիքով՝ դրան կարող են նպաստած լինել տարբեր գործոններ և հանգամանքներ:

«Շատ գործոններով կարող է պայմանավորված լինել՝ քաղաքական, տնտեսական և այլ բնույթի: Չմոռանանք, որ մարդկանց մի մասը Ռուսաստանից մեկնել էր ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող իրավիճակի պատճառով: Նրանց մեծ մասն արդեն վերադարձել է հայրենիք, քանի որ դժվար է չափազանց երկար ժամանակ բնակվել այլ երկրներում: Մի մասն էլ Հայաստանից տեղափոխվել է այլ երկրներ: Քանի որ զբոսաշրջության ոլորտում մեր ընդհանուր աճը պայմանավորված էր վերոնշյալ գործոնով, որի ազդեցությունը, կարծես, նվազում է, ապա ապագայում հնարավոր է կրկին զբոսաշրջիկների թվի կրճատում ունենանք»,- նշեց Թովմասյանը:  

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների տոկոսային հարաբերակցությամբ ռուսաստանցիներին հաջորդում են Վրաստանի (12 տոկոս) և Իրանի (8) քաղաքացիները: Մյուս երկրներից այցելածների թիվն անհամեմատ փոքր է:

Գայանե Թովմասյանի կարծիքով՝ նման պատկերը հիմնականում պայմանավորված է շատ երկրներից դեպի Հայաստան օդային ուղիղ չվերթների բացակայությամբ, իսկ տարանցիկ երթուղիներով ճամփորդելը լրացուցիչ ծախսեր և ժամանակ է պահանջում: «Դա, ինչ խոսք, ձեռնտու չէ շատերին։ Բացի այդ՝ Հայաստանը դեռևս լավ դիրքավորված չէ համաշխարհային զբոսաշրջային շուկայում՝ որպես գրավիչ զբոսաշրջային դեստինացիա: Չպետք է մոռանալ նաև տարածաշրջանային լարվածության առկայության մասին, որից ելնելով՝ մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են ձեռնպահ մնալ ՀՀ սահմանամերձ մարզեր այցելելուց։ Այդ առումով Հայաստանում մարքեթինգային տարբեր քայլերի, այցելող զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունն ընդլայնելու համար համակողմանի աշխատանքների իրականացման կարիք է զգացվում»,- նշեց նա:

Այդ ամենը, ըստ  Թովմասյանի, ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում: «Զբոսաշրջության զարգացմանն աջակցելու ծրագրով 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել է 1.5 մլրդ դրամ, որից 935 միլիոնն ուղղված է ոլորտի մարքեթինգի և խթանման գործընթացին։ Սակայն զգացվում է ոչ միայն լրացուցիչ հատկացումների, այլև իրականացվող գործողություններն ընդլայնելու կարիք՝ երկիրն ավելի լավ դիրքավորելու և միջազգային տեսանելիությունն ու զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար»,- գտնում է նա։ 

Գործադրված ջանքերը հեռանկարում կարող են ապահովել ցանկալի արդյունք, քանի որ, ինչպես նշեց Գայանե Թովմասյանը, Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու էական ներուժ ունի: 

«Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկիրն աշխարհում, ավելի քան 24 հազար պատմամշակութային հուշարձաններ, 2444 կրոնական կառույցներ, հայկական ինքնատիպ խոհանոց և գինեգործության հարուստ ավանդույթներ, գեղատեսիլ բնություն, առողջարանային բուժիչ ռեսուրսներ և այլն։ Այս ամենը բավարար ներուժ է զբոսաշրջիկներին հրապուրելու համար: Սակայն այժմ այդ ներուժը լիարժեք չի օգտագործվում: Շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Հիմա առավել զարգացած է պատմամշակութային զբոսաշրջությունը, պակաս գրավիչ չեն նաև զբոսաշրջության գաստրոնոմիական, գինու, արկածային, առողջարանային, բժշկական, էկո և ագրո, փառատոնային, քաղաքային և այլ տեսակները, որոնք զարգացնելու մեծ հնարավորություններ ունի Հայաստանը: Աներկբա է, որ հստակ ռազմավարական քայլերի իրականացման դեպքում տեսանելի ապագայում հնարավոր է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային զբոսաշրջային շուկայում»,- եզրափակեց նա։

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում