Քաղաքականություն

Տիգրան Բալայանը դասախոսություն է կարդացել Գենտի համալսարանում

2 րոպեի ընթերցում

Տիգրան Բալայանը դասախոսություն է կարդացել Գենտի համալսարանում

ԲՐՅՈՒՍԵԼ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին հյուրընկալել են Գենտի համալսարանում։ Այցի ընթացքում համալսարանի ռեկտոր Ռիկ վան դը Վալի եւ համալսարանի դասախոսական կազմի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները, որից հետո դեսպան Բալայանը «Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և հեռանկարները» խորագրով դասախոսություն է կարդացել։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ռեկտոր դը Վալը ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, ծրագրերը։ Դեսպան Բալայանն էլ իր հերթին ներկայացրել է համագործակցության վերաբերյալ մի շարք առաջարկություններ, որոնց շուրջ կլինեն սերտ շփումներ՝ խթանելու համատեղ նախագծերի իրագործման ընթացքը։ 

«Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և հեռանկարները» խորագրով դասախոսության ընթացքում Տիգրան Բալայանը գիտնականներին եւ ուսանողներին ներկայացրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացը, ինչպես նաեւ մանրամասներ փոխանցել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված փոխգործակցության վերաբերյալ։ Դեսպանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ 

«Միջազգային կապուղիների վերագործարկումը կամ ապաշրջափակումը Հարավային Կովկասի պողպատի եւ ածխի միություն ստեղծելուն հավասարազոր պահ է։ Հայաստանի կառավարությունն ու իշխանությունը պատրաստ են այդ պահն իրականացնել», - իր դասախոսության ընթացքում նշել է դեսպանը։ 

Դասախոսության ավարտից հետո դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքներին, մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքներին և դրան ԵՄ-ի արձագանքին։ 

Դեսպան Բալայանը Հայաստանի պատմության վերաբերյալ մեկ տասնյակից ավելի գրքեր նվիրեց Գենտի համալսարանի գրադարանին։

Լիլիթ Գասպարյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում