Սփյուռք

11 տարի Բուլղարիայում ապրած ընտանիքը վերադարձել է Հայաստան՝ երեխաների ապագան հայրենիքում կերտելու նպատակով

4 րոպեի ընթերցում

11 տարի Բուլղարիայում ապրած ընտանիքը վերադարձել է Հայաստան՝ երեխաների ապագան հայրենիքում կերտելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հիմնադրման օրվանից  աջակցել է սփյուռքից Հայաստան վերադարձող հազարավոր ընտանիքների: Գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում  կենտրոն է դիմել շուրջ 1500 սփյուռքահայ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշեց  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ հայրենադարձների ինտեգրման գործընթացը շատ կարևոր է: Ըստ նրա՝ 2023 թվականին միայն «Հայոց լեզվի» դասընթացներին մասնակցել է 250 հայրենադարձ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ շուրջ 150-ը:

«Պետք է նշեմ, որ մեր հայրենակիցները կարող են դիմել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն   քաղաքացիության,  կացության, աշխատանքի ձեռքբերման, առողջապահական, կրթական, մաքսային սահմանով բեռների տեղափոխման և այլ հարցերով: Բոլոր խնդիրներն առանձին քննարկվում են և ներկայացվում են այն տարբերակները, որոնք առավել հարմար են: 

Ալեքսանյանի խոսքով՝ վերջին 2-3  տարիների ընթացքում հայրենադարձության դինամիկան բավական բարձր է: 

«Վերջին մի քանի տարիներին  հայրենադարձության տեմպերն անփոփոխ բարձր են մնում: Առաջատար երկրների ցանկում են Մերձավոր Արևելքի  հայկական համայնքներ ունեցող պետությունները՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, Իրան»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին հայերն ակտիվորեն հայրենիք են վերադառնում Ռուսաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև կա հայրենադարձության նոր տենդենց Ավստրալիայից, ԵՄ երկրներից և Հյուսիսային Ամերիկայից:

Նա  ընդգծեց՝ 2022-23 թվականների ընթացքում շուրջ 45 հազար սփյուռքահայեր ավելի քան 30 երկրներից ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: 

Բուլղարիայից Աբրահամյանների ընտանիքն էլ մեկն է այն շատերից, որ մշտապես ցանկացել է վերադառնալ հայրենիք, և այդ միտքն ավելի հստակ է դարձել, երբ ընտանիքի 14-ամյա դուստրը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրին:

«Աղջիկս երկու շաբաթ սփյուռքահայ երիտասարդների հետ անցկացրել էր ճամբարում և շատ ոգևորված էր։ Նա ասաց, որ ուզում է վերադառնալ  Հայաստան: Սա դարձավ հիմնական պատճառը, բայց շատ էինք ուզում, որ մեր երեխաները մեծանան Հայաստանում: Բուլղարիայում ապրել ենք 11 տարի, տղաս ծնվել և մեծացել է այնտեղ»,- նշեց ընտանիքի մայր Հասմիկ Սահակյանը: 

Նրա խոսքով՝ դեռևս լուրջ խնդիրների չեն բախվել, իսկ ինտեգրման կենտրոնի կողմից ցանկացած հարցի շուրջ աջակցություն և խորհրդատվություն մշտապես ստանում են:

9-ամյա Ռաֆայելը   բոլորից  շատ էր ուրախացել ծնողների՝ Հայաստան տեղափոխվելու որոշման  համար. Հայաստանում էր սիրելի պապիկը, իսկ ընկերներ Ռաֆայելն արդեն հասցրել է ձեռք բերել: Միակ մտահոգվելու առիթն այն է, որ ընկերներին ու սիրելի թութակին է այնտեղ թողել:

Մարիա Աբրահամյանը, որը «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելուց հետո հստակ որոշել էր, որ վերադառնալու է հայրենիք, նշեց՝ ամենամեծ խնդիրը, որ ունեն Հայաստանում, լեզվին ոչ այնքան լավ տիրապետելն է:

Մարիան նշեց, որ դժվարություններ միանշանակ կան՝ նոր միջավայր, նոր մարդիկ, անծանոթ փողոցներ, բայց վստահ է՝ հայրենիքում դրանք շատ ավելի հեշտ ու արագ կհաղթահարի:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Տաթև Դուրյան 

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում