Հայաստանի դիրքորոշումն է՝ բոլոր հարևանների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ. ՀՀ նախագահը՝ ԳԴՀ պաշտոնակցին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը, Գերմանիայի նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գերմանիայի նախագահական նստավայրում և շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս հանդիպման, ինչպես նաև Համբուրգի Կայունության համաժողովին մասնակցելու համար:

Բեռլինի «Հատուկ օլիմպիական խաղերին» մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ձեր տարածաշրջանի տարբեր իրողություններ և զարգացումներ: Ներկայումս էլ առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և հակամարտություններ և այս տեսանկյունից Կայունության համաժողովը կարևոր բովանդակություն ունի՝ ավելի խաղաղ ու զարգացող աշխարհ ունենալու համար:

Պետք է նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ ինչպես միջմշակութային կապերի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացումը խթանելով և տեղյակ եմ, որ մեր հետաքրքրությունը փոխադարձ է: Հուսով եմ նաև, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իմ ցանկությունը»:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար պատիվ է գտնվել Գերմանիայի նախագահական նստավայրում, շնորհակալություն եմ հայտնում նաև Համբուրգի Կայունության համաժողովին հրավերի համար:

Կարևորում եմ համաժողովի բովանդակությունը, որտեղ հնչեցին խաղաղությանը միտված նոր գաղափարներ և հայեցակարգեր: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, իսկ Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում:

Մենք կարևորում ենք և գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունն ու ներդրումը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ մեր փոխգործակցությունը շարունակելու է ընդլայնվել տնտեսության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և այլ ուղղություններով, ինչի համար առկա է երկկողմանի ցանկություն և զգալի ներուժ»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Գերմանիայի նախագահը հետաքրքրվել է մեր տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից և զարգացումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ կերպով շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով, և այս նպատակի համար շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախագահը նշել է, որ հայկական կողմն ինչպես նախկինում, ներկայումս էլ հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման դիրքից, և այս առումով նաև որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ:

Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանարապես, ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Զրույցի ավարտին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումներին և հնարավոր ջանքերը կգործադրի հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման համար:

 

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն