ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպիչները նշում են, որ հասել են իրենց հիմնական երեք նպատակների իրականացմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Առաջին նպատակը Հայաստանն ամբողջ աշխարհին ավելի ճանաչելի դարձնելն է՝ որպես IT ոլորտոմ զարգացած երկիր։ Դա մեզ հաջողվեց այն առումով, որ այս երեք օրերի ընթացքում, շփվելով տարբեր ընկերությունների տնօրենների հետ, շատ դրական արձագանքներ եմ ստացել, որովհետև բոլորը կարողացել են ելույթներ ունենալ և հարցազրույցներ տալ։ Այստեդ էին նաև բազմաթիվ արտասահմանյան թղթակիցներ։ Գալիք օրերին մասնագիտացված մեդիա դաշտում կտեսնենք արդեն այն հրապարակումները, որոնք ավելի կոնկրետ և հանգամանորեն կանդրադառնան Հայաստանում անցկացված կոնգրեսին»,- ասաց Եսայանը։
Երկրորդ նպատակն այն է, որպեսզի հայաստան ժամանած հյուրերի համար՝ սկսած Ռոդրիգո Մեսիից (խմբ․ աշխաչհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի եղբայրն է), վերջացրած վենչուրային կապիտալ ունեցող կամ կառավարող բազմաթիվ մարդկանցով, ովքեր եկել և ծանոթացել են հայաստանյան ստարտափներին և տեղի էկոհամակարգին, կազմակերպվեն շահավետ և օգտակար ծանոթություններ։ Այստեղ էլ, Եսայանի պնդմամբ, կան մեծ տեղաշարժեր։
«Երրորդ նպատակն էլ բիզնես միջավայրի շփումների ապահովումն է, որպեսզի կայացած ընկերությունները կարողանան դուրս գալ դրսի շուկաներ։ Օրինակ՝ Քաթարից ունեինք հյուրեր, որոնց հետ արդեն քննարկվել է արաբական այդ երկրում համագործակցություն ծավալելու հարցը։ Կան հայկական ընկերություններ, որոնք կապեր են հաստատել Գերմանիայի գործընկերների հետ՝ քննարկելով համագործակցության տարբեր թեմաներ։ Երրորդ նպատակը նույնպես իրականացել է, և ես համոզված եմ, որ ապագայում կլինեն նշանակալի արդյունքներ՝ փոխհատուցելով մեր կատարած հսկայական աշխատանքը»,- ասաց ԱՏՁՄ նախագահը։
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տեսանելի ապագայում ՀՀ-ում նույնպես ստեղծել սիլիկոնային հովիտ, ինչպիսին կա Միացյալ Նահանգներում՝ հաշվի առնելով, որ մեզ մոտ IT ինժեներական միտքը մասնագետների կողմից գնահատվում է շատ բարձր, Եսայանն ընդգծեց, որ այդ կապակցությամբ նույնպես զրուցել է Հայաստանից ԱՄՆ-ն տեղափոխված մասնագետների հետ, ովքեր սիլիկոնային հովտում վայելում են մեծ հեղինակություն։
«Նրանցից շատերն ասում են, որ իրենք արդեն մտածում են վերադառնալու մասին, որովհետև այսօր այդքան կարևոր չէ, թե մասնագետը մոլորակի որ կետում է աշխատում։ Այստեղ էականը բարենպաստ միջավայրի և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծումն է։ Արդեն կայացած ընկերությունները կարող են աշխատել նաև Հայաստանում, քանի որ շատերի պնդմամբ՝ ՀՀ-ում կյանքի որակը լավն է՝ սկսած երեխաներին ուսման տալուց, վերջացրած անվտանգության խնդիրներով։ Եթե մեզ հաջողվի շրջակա միջավայրը ավելի լավացնել և այդ ուղղությամբ իրականացնել կոնկրետ աշխատանքներ, ապա կհասնենք ավելի մեծ արդյունքների։ Օրինակ՝ պետք է խթանել IT այգիների ստեղծումն ու խորացնել մասնագիտական ուսուցանումը։ Մեր երկիրն ուղղակի իդեալական վայր է IT մասնագետների և ընկերությունների համար՝ մեզ մոտ աշխատելու առումով»,- ասաց ԱՏՁՄ նախագահը։
Որպես խոսքերի ապացույց՝ Եսայանը նշեց այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով IT ոլորտի բազմաթիվ ռուս և ուկրաինացի մասնագետներ ժամանեցին Երևան և այստեղ հաջողությամբ շարունակեցին իրենց գործունեությունը։
«Այստեղ էլ կա աշխատանքի տիրույթ, պետք է շատացնենք ռուսալեզու դպրոցները, լավացնենք միջավայրը, այսինքն՝ անենք այն՝ ինչ ժամանակին արեց Սինգապուրը, որտեղ այսօր իրենց լավ են զգում թե՛ բիզնեսի ներկայացուցիչները, թե՛ շարքային քաղաքացիները։ Հայաստանը կարող է շահագրգռել նաև 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանին, որտեղ IT ներուժը նույնպես ահռելի է, կան հրաշալի մասնագետներ, սակայն երկիրը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո, իսկ դա շատերին ստիպում է գործունեությունը շարունակել արտասահմանում։ Եթե նրանց էլ առաջարկենք հարմարավետ պայմաններ, կնախընտրեն աշխատել մեզ մոտ, իսկ մեր տնտեսությունը միայն կշահի դրանից»,- եզրափակեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահը։
Մանվել Մարգարյան