Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում հոկտեմբերի 2-ին Ֆրանկիսկոս քահանայապետի նախագահությամբ բացվել է Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ հերթական ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից, այս պատմական ժողովը, որը հայտնի է որպես «Ժողովականության սինոդ», հավաքել է շուրջ 400 մասնակիցների՝ եպիսկոպոսներ, տարբեր եկեղեցականներ, այդ թվում՝ քահանաներ, և աշխարհականներ, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող է եկեղեցին դառնալ ավելի ներածական և մասնակցային իր առաքելության և կառավարման հարցերում։

Սինոդը նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես կարող է Կաթոլիկ եկեղեցին ավելի ամբողջական կերպով մարմնավորել ժողովականության (սինոդականության)՝ «միասին քայլելու» ոգին՝ խթանելով խոր փոխգործակցությունը նրա բոլոր անդամների միջև։ Հռոմի Պապ Ֆրանկիսկոսը կարևորել է եկեղեցականների կողքին՝ աշխարհականների և լուսանցքային սոցիալական խմբերի ձայնը լսելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացի նպատակն է ոչ թե անհատական օրակարգերը առաջ մղելը, այլ՝ համատեղ որոշելը, թե ինչպես իր առաքելության շրջանակներում Եկեղեցին կարող է լավագույնս ծառայել աշխարհին։

Ըստ Ֆրանկիսկոս Քահանայապետի տեսլականի՝ սինոդալ Եկեղեցու համար անհրաժեշտ է եպիսկոպոսների և աշխարհականների միջև առավել մեծ համագործակցություն, հիմք ընդունելով Վատիկանի Բ Ժողովի ուսմունքները և արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին. «Այս սինոդում աշխարհական ներկայացուցիչների, հատկապես կանանց, մասնակցությունը կարևոր քայլ է առաջ, որը նպաստում է Եկեղեցու ներսում ավելի ներառական որոշումների կայացմանը»

Սինոդի աշխատանքային  օրակարգի հիմնահարցերն են՝ հզորացնել աշխարականների դերը Եկեղեցու կառավարման և որոշումների կայացման գործընթացում, առերեսվել կղերապաշտությանը՝ խթանելով առաջնորդության ավելի խոնարհ և ծառայությանը նվիրված տիպարը, կանանց դերը Եկեղեցում, կենտրոնանալով նրանց առաջնորդական դերի ընդլայնման վրա, միսիոներական հանձնառությունը՝ քննարկելով, թե ինչպես Եկեղեցին կարող է առավել աջակցել լուսանցքային գոտում գտնվող համայնքներին և դառնալ ձայն արդարության և հաշտության, Սինոդը միայն խորհրդածության պահ չէ, այլ նպատակ ունի հարթել կոնկրետ քայլեր դեպի ավելի ներառական, սինոդալ և իր առաքելությամբ ուղղորդվող Եկեղեցի:

Աղբյուրը հայտնում է. «Հատկանշական է, որ այս սինոդին մասնակցում են նաև փոքր թվով տարբեր քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչները, ինչը կարևորում է նրա էկումենիկ բնույթը: Նրանց շարքում է Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով մասնակցում է նիստերին որպես «Եղբայրական պատգամավոր» Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: 

Նրա ներկայությունը վկայում է էկումենիկ համագործակցության եղբայրական ոգու մասին, ընդգծելով քրիստոնեական համայնքների միջև միասնականության և փոխգործակցության կարևորությունը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար:

Սինոդի ժողովի բացման նստաշրջանի ընթացքում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հնարավորություն է ունեցել Ֆրանկիսկոս Քահանայապետի փոխանցել Գարեգին Բ Վեհափառի ողջույններն ու լավագույն մաղթանքները»:

Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից նշւոմ են՝ ակնհայտ է, որ  մոտ մեկ ամիս շարունակվող Սինոդը կենսարար գործընթաց է Եկեղեցու նորոգման ճանապարհին: Այս ժողովի քննարկումները և անդրադարձները ձևավորելու են Եկեղեցու կառավարման, հովվական առաջնահերթությունների և միսիոներական հանձնառության ապագան: Սինոդի ավարտից հետո սպասվող վերջնական զեկույցը կուղորդի Եկեղեցուն՝ փորձելով իրականացնել ավելի սինոդալ կառավարման և ներգրավվածության ձևեր բոլոր մակարդակներում: 

Սինոդի աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև 2025 թվականին, նպատակ ունեն բերելու տևական ներդրումներ Եկեղեցու առաքելության մեջ՝ խթանելով միասնությունը, մասնակցությունը և ավետարանումը գնալով ավելի բարդ և բաժանված աշխարհում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում