ՀՀ-ն արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում գնում է իր ռեսուրսները կենտրոնացնելու ուղով. Հայրապետյան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արդեն վաղուց կայացրել է իր որոշումը և արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում գնում է իր ռեսուրսները կենտրոնացնելու ճանապարհով, որովհետև հաստատակամ է՝ այդ ընտրության մեջ ինքն է դառնալու սեփականատերը իր իսկ ստեղծած տեխնոլոգիաների՝ հանուն մեր միջավայրի, հանուն բոլոր մարդկանց բարեկեցության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը Երևանում անցկացվող Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT 2024) հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այս տարվա կոնգրեսը մտքի ուժի և արհեստական բանականության աշխարհում առաջարկվող նոր գաղափարների, նոր լուծումների և նոր հնարավորությունների մասին է: Հայաստանը ձգտում է ապագայում ևս հանդես գալ բարդ տեխնոլոգիական և ինովացիոն լուծումներ առաջարկելու, առաջադրելու նկրտումներով: Այս միջոցառումը, այս հարթակը ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու մեր հստակ և ամուր կամքը տեխնոլոգիական համաշխարհային կենտրոն դառնալու իմաստով»,- հավաստիացրեց ԲՏԱ նախարարը:
Հայրապետյանը նշեց, որ որոշվել է միասին այս տարի այս միջոցառման շրջանակում խոսել արհեստական բանականության մասին, քանի որ մենք ապրում ենք, ըստ էության, հեղափոխական և չափազանց շրջադարձային դարաշրջանում, որի էությունն առանձին դեպքերում թվում է, թե ամբողջությամբ չենք գիտակցում, լիարժեք չենք գիտակցում, թե որքանով է այն լինելու հեղափոխական Երկիր մոլորակի և մարդկության համար, հետևաբար այս հարթակն, ըստ նախարարի, շատ կարևոր է այն առումով, որ այստեղ մարդիկ, ովքեր մտածող են, ստեղծագործող, ստեղծող, լուծումներ փնտրող և գտնող, հավաքվեն և փոխանակվեն մտքերով, գաղափարներով՝ փորձելով բացահայտել իրական հնարավորությունները, սահմանները կամ իրականում նոր տեխնոլոգիաների անսահմանությունը:
«Մենք, ինչպես նաև ամբողջ աշխարհը, մանավանդ վերջին տարիներին, գրեթե ամեն օր խոսում ենք արհեստական բանականության մասին, և որքան շատանում են այդ խոսակցությունները, դրան զուգահեռ առաջանում են երկու հիմնական զգացումներ համամարդկային մտքում: Ոգևորություն մի կողմից, և վախեր, մտահոգություններ՝ մյուս կողմից: Իսկապես, արհեստական բանականությունը, որը ստեղծված է մարդկային մտքի թռիչքի շնորհիվ, բարձրացնում է ճշմարիտ հարցադրում՝ արդյո՞ք այն գալիս է ծառայելու հանուն երկիր մոլորակի մարդկության բարօրության, թե ծառայեցնելու մարդկությանը և երկիր մոլորակին հենց այս տեխնոլոգիաներով: Այս քննարկումներն անդադար են, անվերջ են, աշխարհի գրեթե բոլոր տեխնոլոգիական միջազգային հարթակներում թիվ մեկ քննարկվող թեման է, որովհետև մենք բոլորս փորձում ենք գտնել այս հարցի պատասխանը, ինչպես անել, որպեսզի արհեստական բանականությունը ծառայեցվի հանուն մարդկության բարօրության: Այս երեք օրվա ընթացքում այս գիծը, այս նուրբ թելն անընդհատ լինելու է քննարկվող թեմաների շրջանակում: Արհեստական բանականությունն այսօր արդեն տալիս է լրջագույն խնդիրներ լուծելու հնարավորություն առողջապահության, կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:
Նախարարի կարծիքով՝ մեդալի հակառակ կողմում գտնվող վախերը բնական են, որովհետև արհեստական բանականությունը միլիոնավոր մարդկանց օգնելուն զուգահեռ կարող է նաև սխալ կիրառման պարագայում խլել կյանքեր, եթե օգտագործվի ռազմական նպատակներով, և այդ դեպքում լրջագույն բացասական ազդեցություն կունենա էկոհամակարգերի վրա՝ մարդկային անձնական տվյալների, տարատեսակ անվտանգային, կիբեր անվտանգային ռիսկեր ստեղծելով, և դրանք առաջացնում են այդ մտահոգություններն ու վախերը մեր մտքում և սրտում:
«Հայաստանն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգի շուրջ, առաջարկում է կառավարել իր իսկ մտքի ուժի միջոցով ստեղծված այս տեխնոլոգիան: Գալիք երեք օրվա ընթացքում հենց այս գաղափարն է այստեղ ներկաներին և մեզ առցանց ձևաչափով միացած մարդկանց համախմբելու»,-եզրափակեց ՀՀ ԲՏԱ նախարարը: