Հայաստան

Կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտություն՝ Գեղարքունիքի մարզում. վերանայվել է կանանց տարիքային շեմը

3 րոպեի ընթերցում

Կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտություն՝ Գեղարքունիքի մարզում. վերանայվել է կանանց տարիքային շեմը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1000-1400 նոր դեպք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշներն ամբողջ աշխարհում են ավելանում։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև ախտորոշիչ ծառայությունների բարձր որակով։ 

«Այսօր կարողանում ենք քաղցկեղը շատ վաղ փուլում հայտնաբերել։ Այստեղ շատ կարևոր է քաղաքացիների իրազեկվածությունը, որ մարդիկ պարբերաբար ստուգվեն, հետազոտվեն։ Ուզում եմ ընդգծել, որ այս առումով մենք բավական փոփոխություններ ենք նկատում։ Վերջին տարիներին իրազեկվածության, սքրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերումը բավական մեծացել է։ Եթե 5 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլը հայտնաբերում էինք 30-35 տոկոս դեպքերում, ապա այդ շեմն իջել է, հիմա մինչև 15 տոկոս է։ Մնացած դեպքերը հայտնաբերվում են հիվանդության վաղ փուլում։ Շատ են այն դեպքերը, երբ մարդիկ տարին մեկ անգամ գալիս են և հետազոտվում են առանց որևէ գանգատի ու պատճառի։ Հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունավետությունը բավական բարձր է լինում»,-ասաց մասնագետը։ 

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ ՀՀ առողջապահության նախարարությունն այդ համատեքստում մի շարք միջոցառումներ է իրականացնում։ Ընդլայնվել է մարզերում անցկացվող սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում քաղաքացիներն անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն։  ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար հաջորդ մարզն ընտրվել է Գեղարքունիքը։ 

«Սեպտեմբերից Գեղարքունքի մարզի կանայք կարող են դիմել իրենց պոլիկլինիկաներ, ըստ այդմ էլ, կկազմակերպվի խորհրդատվությունն ու հետազոտությունը։ Մամոգրաֆիայի շարժական կլինիկան գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ասեմ, որ վերանայել ենք կանանց տարիքային խումբը։ Մասնավորապես, թե նախորդ մարզերում ընդգրկվել էին 50-69 տարեկան, ապա Գեղարքունիքում կընդգրկվեն 45-68 տարեկան կանայք։ Ուզում եմ կրկին ընդգծել, որ հետազոտությունն անվճար է։ Պետությունը փոխհատուցում է նաև նշանակված լրացուցիչ հետազոտությունների ծախսը, ինչպես նաև հետագայում, ըստ անհրաժեշտության, ամբողջական ապահովում է վիրահատական միջամտությունը, հետագա բուժօգնությունը»,-ասաց Քնար Ղոնյանը։ 

Կանխարգելման գործում կարևոր է համարվում առողջ ապրելակերպը։ Մասնագետներն ընդգծում են ծխախոտի, ալկոհոլի բացակայությունը, կարևորում են ֆիզիկական ակտիվությունը։ Գլխավոր հորդորը հետևյալն է՝ 25 տարեկանից բարձր կանայք ամեն տարի կանոնավոր ստուգվեն, հետազոտվեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում