Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագիրը մեծ պահանջարկ ունի

4 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագիրը մեծ պահանջարկ ունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարեսկզբից մեկնարկած արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագրում արդեն 1456 շահառու է ընդգրկվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր նախնական 1000 շահառուի համար, սակայն պահանջարկը գնալով մեծացել է և ծրագիրն ընդլայնվել է։ 

«ԼՂ-ից բռնի տեղահանված 1456 մեր հայրենակից արդեն անցել է թե ծրագրի ուսումնական, թե պրակտիկայի բաղադրիչներով։ Հիմնականում պահանջարկը կապված է պրակտիկ բաղադրիչի հետ։ Շահառուների մեծ մասը Երևանից են, այնուհետև Կոտայքից, Արարատից, Տավուշից։ Ոլորտները տարբեր են՝ կոսմետոլոգիա, մենեջմենթ, օպերատորական կամ կադրային գործ, համակարգչային ծրագրեր և այլն»,-ասաց նախարարի տեղակալը։ 

Ծրագիրն իրականացվում է մի քանի բաղադրիչով։ Առաջին բաղադրիչով նախատեսված է մինչև 6 ամիս ուսուցում, որից հետո նոր գործատուն աշխատանքի է վերցնում։ Այդ դեպքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը մինչև 50 հազար դրամի սահմաններում, շահառուին տրամադրում է կրթաթոշակ 50 հազար դրամի չափով, ինչպես նաև աշխատանքի տեղավորվելուց հետո առաջին 3 ամսվա ընթացքում պետությունը գործատուին փոխհատուցում է հարկերը կրկին մինչև 50 հազարի սահմաններում։

Հաջորդը պրակտիկայի բաղադրիչն է, երբ շահառուն աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աշխատում է գործատուի մոտ։ Այդ ժամանակ 3 ամսվա համար պետությունը տրամադրում է 160 հազար դրամ, որը ներառում է աշխատավարձ և հարկեր։ Դրանից բացի, արդեն աշխատանքի տեղավորման պարագայում հաջորդող 3 ամսվա համար պետությունը փոխհատուցում է նաև հարկերը մինչև 50 հազար դրամի սահմաններում։ 

Երրորդ բաղադրիչն առաջին երկուսի միավորումն է, երբ գործատուն կարծում է, որ տվյալ անձին աշխատանքի տեղավորելու համար անհրաժեշտ է և՛ ուսուցում, և՛ պրակտիկա։ Այդ դեպքում նախատեսված է մինչև 6 ամսվա ուսուցում։ Պետությունը շահառուին տրամադրում է 50 հազար դրամ կրթաթոշակ, ինչպես նաև ուսման վարձը՝ մինչև 50 հազար դրամի սահմաններում։ Պրակտիկայի ժամանակահատվածի համար պետությունը տալիս է 160 հազար դրամ, որը ներառում է շահառուի աշխատավարձը, հարկերը։ Հաջորդող 3 ամսվա համար ևս հարկերի փոխհատուցում է նախատեսված մինչև 50 հազար դրամի սահմաններում։ 

Պարտադիր պահանջ է ԼՂ-ից բռնի տեղահանված լինելը, վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ տեղ աշխատած չլինելը։ Պրակտիկայի համար գործատուների հետ պետք է լինի աշխատանքային պայմանագիր։

Այս ընթացքում քաղաքացիները հարց են բարձրացնում այն մասին, որ Միասնական սոցիալական գրասենյակում իրենց չեն հաշվառում՝ պատճառաբանելով, որ տեղերը սահմանափակ են։ Նախարարի տեղակալը նշեց, որ հնարավոր է տեղերը լրացված լինեն, սակայն սոցիալական գրասենյակը պետք է հաշվառի ծրագրից օգտվել ցանկացողներին, որպեսզի երևա պահանջարկը, դրա հիման վրա էլ նոր որոշումներ լինեն այն ընդլայնելու համար։ Ցանկացած պարագայում, եթե խնդիրներ կան, նախարարի տեղակալը հորդորեց դիմել նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու համար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում