Հայաստան

Փրկարար ծառայությունում քննարկել են «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման վերաբերյալ հարցեր

4 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունում քննարկել են «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին նաև ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչը, պատասխանատուներ, «Նաիրիտ 2» ՓԲԸ ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, քննարկման օրակարգում առանցքային էին վարչապետի հանձնարարականով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի ընթացիկ աշխատանքները, որոնք միտված էին «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա քիմիական նյութերի կառավարման հնարավոր մեխանիզմների մշակմանը և շահագործման ոչ պիտանի սարքերի վնասազերծմանը: 

ՓԾ տնօրենը ողջունելով ներկաներին՝ կարևորել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման ուղղությամբ միջգերատեսչական ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել քիմիական նյութերի պահպանման և վերահսկման հարցերին՝ շեշտելով, որ անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ և հետևողական աշխատանք։

Իր խոսքում Կամո Ցուցուլյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման մի շարք հարցերի։

Հանդիպմանը զեկույցներով հանդես են  եկել ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ Սնանկության գործերով կառավարիչ Մուրադ Պետրոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մանուկյանը։

Բանախոսներն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ներկայիս իրավիճակին և խնդիրներին, գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի, սարք-սարքավորումների պահպանման, հետագա վնասազերծման, չշահագործվող և կիսաքանդ շենք-շինությունների կառավարման, ռիսկերի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության հարցերին։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել խնդիրների լուծման ուղղությամբ այլ գերատեսչություններում առկա՝ միջազգային կազմակերպությունների հետ ընթացող աշխատանքային գործընթացներին, որոնք նպատակաուղղված են քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ու  հնարավոր վտանգների կանխարգելմանը։

Հանդիպումը զուգորդվել է քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկներով։

Քննարկման ավարտին «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության առջև ծագած և անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրների ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացված զեկույցների վերաբերյալ ձևավորել առաջարկների փաթեթ և ներկայացնել Փոխվարչապետի գրասենյակ՝ հետագա գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում