Մեկնարկում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծը, որի շրջանակում Հայաստան է գալու նյարդաբան, պրոֆեսոր, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի կառավարման խորհրդի անդամ, Հռոմի համալսարանի պատվավոր դոկտոր Յես Օլեսենը։ Նա մեծ ավանդ ունի համաշխարհային բժշկագիտության, մասնավորապես՝ նյարդայնության, ցավի, հատկապես գլխացավերի հետ կապված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը նշեց, որ նախագծի շրջանակում բավական հագեցած ծրագիր է սպասվում։
«Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը նախագծի շրջանակում հանդես է գալիս որպես համակազմակերպիչ և գլխավոր գործընկեր։ Ներկայացված են լինելու Երևանի առողջապահական բոլոր հիմնարկները։ Արդեն 500-ից ավելի բժիշկ-մասնագետ մասնակցության ցանկություն է հայտնել։ Հայտնի պրոֆեսորի ընդունելությունը Երևանում փորձում ենք կազմակերպել պատշաճ։ Նախատեսվում է ընդունելություն Երևանի քաղաքապետարանում, այնուհետև անցկացնելու ենք շրջայց մայրաքաղաքի մի քանի բուժհաստատություններ»,-ասաց Դավիթ Կարապետյանը։
Ներկայացնելով նախագծի շրջանակում սպասվող միջոցառումները՝ «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակում միջոցառումները մեկնարկելու են հոկտեմբերի 10-ին, տևելու են մինչև հոկտեմբերի 17-ը։ Այդ ընթացքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ՝ «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով գիտաժողով, Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդես, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի հայկական տարածաշրջանային մասնաճյուղի բացում, «100 հարց գլխացավեր մասին» հայալեզու գրքի շնորհանդես, համերգ, մրցանակաբաշխություն։
«Մեր ասոցիացիայի կարգախոսն է՝ ինքնակրթվելով հաղթահարենք ցավը։ Եթե մենք գույքագրում անենք, ապա կտեսնենք, որ գլխացավերի վարման հարցում բավական հետ ենք մնում։ Մեր ախտորոշումները սահմանափակվում են միգրենով, վերջին տարիներին՝ լարվածության տիպի գլխացավերով և այլն։ Սակավաթիվ մասնագետներ են տիրապետում իրական դասակարգմանը, միջազգայնորեն ընդունված ախտորոշումներին։ Մենք շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ»,-ասաց Ավետիս Ավետիսյանը։
Իրազեկման արշավի շրջանակում անցկացվող կարևոր միջոցառումներից է Healthcare Expo Armenia առողջապահական ցուցահանդես, որը բավական մասշտաբային է լինելու։ Eventure Global ընկերության գործադիր տնօրեն Արմեն Նիազյանը նշեց, որ նախատեսված է 150 կազմակերպություն տաղավարային մասնակցություն։
«Այն պարզապես էքսպո չէ։ Ցուցահանդեսն ունի կրթական բաղադրիչ, համագործակցության, կապերի ընդլայնման հնարավորություն։ Մենք ուզում ենք ստեղծել անմիջական մթնոլորտ, որ քաղաքացին գա, հանդիպի բժշկին, առողջապահական կազմակերպչին ոչ սթրեսային իրավիճակում։ Այցելուները կարող են ծանոթանալ, տեղում տեսնել, թե ինչ բժշկական կենտրոններ, ինչ ծառայություններ, պրոդուկտ կա։ Այս միջոցառումն առանձնահատուկ է նաև այն հանգամանքով, որ բավական շատ մարզային բժշկական կառույցներ են ներգրավված»,-ասաց Արմեն Նիազյանը։
Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 11-ին և 12-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացումը նախատեսված է ժամը 10։00-ին։