ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 4-7-ը տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024/DigiTec): Համաժողովի օրերին Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարյուրավոր միջազգային մասնակիցներով լի հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և այլ հետաքրքիր իրադարձությունների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսին մասնակցում էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT 2024-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական, WCIT 2024-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, միջոցառման կազմակերպման գործընկեր հանդիսացող Fastex ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ներկայացնելով միջոցառման բովանդակությունն, ինչպես նաև մանրամասնելով միջոցառման ընթացքում սպասվելիք իրադարձությունները, նշեց, որ տեղի ունենալիք WCIT 2024-ը բավականին երկար սպասված միջոցառում է, որի պատշաճ կազմակերպման համար կատարվել է շատ մեծ աշխատանք։
«Միջոցառումը լինելու է ամենամեծը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել հարյուրավոր հյուրեր, որոնք մասնակցելու են միջոցառման ընթացքում անցկացվելիք շատ հետաքրքիր քննարկումների, որոնք հատկապես նվիրված են լինելու արհեստական բանականությանը։ Միջոցառման մասնակիցները խոսելու են արհեստական բանականության ոլորտում նորարարական լուծումների մասին և այն մասին, թե ուր է տանում աշխարհը արհեստական բանականությունը, ինչպես նաև այն, թե ինչպես է այն ազդում բիզնես միջավայրի վրա», - իր խոսքում նշեց Եսայանը՝ հավելելով, որ բավականին հետաքրքիր միջոցառում է սպասվում, որը մեկնարկելու է հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք համերգային ծրագրով։
Ալեքսանդր Եսայանը նկատեց, որ 2019 թվականին, երբ Հայաստանն առաջին անգամ էր ընդունում WCIT-ն, վերջինիս ազդեցությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա բավականին դանդաղ է եղել։
«Սակայն այսօր, կարող ենք նշել, որ 2019 թվականի միջոցառումը մեծ ներդրում է ունեցել ոլորտը ներկայացնող հայկական ընկերությունների համար․ այն միջազգային կապերի ձեռքբերման, բիզնես կապերի ձեռքբերման և այլ հնարավորություններ է ստեղծել մեր միջավայրում», - ասաց Եսայանը՝ շեշտելով, որ արդեն 2024 թվականի միջոցառմանը ոլորտի ներկայացուցիչներն ավելի լավ են նախապատրաստված և սպասում են մեծ ոգևորվածությամբ։
Ալեքսանդր Եսայանը նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպմանն աջակցող գործընկերներին, ընկերություններին, մասնավորապես՝ Fastex ընկերությանը, Fastbank-ին։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական, WCIT 2024-ի համակարգող Նազելի Հայրապետյանն իր հերթին ասաց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է նմանատիպ մեծ մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստան բերելու քաղաքականություն։
«Այս քաղաքականությունն այնքանով է մեզ համար կարևոր, որ ամբողջ աշխարհը նաև այս միջոցառումների միջոցով տեղեկանա Հայաստանի մասին, լինի Հայաստանում։ Բավական ոգևորված ենք այս միջոցառման՝ արդեն 2-րդ անգամ Հայաստանում անցկացվելու հանգամանքով և շատ ենք կարևորում համագործակցությունն այս առումով», - ասաց ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդականը։
Վերջինս, անդրադառնալով նաև հարցին, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունի նման իրադարձությունների նկատմամբ և որքանո՞վ է կարևորում պետությունը նմանատիպ միջոցառումների անցկացումը, նշեց․ «Վերջին տարիներին պետությունը շատ կարևորում է նման համագործակցությունները։ Մեծ միջոցառումները Հայաստան են բերվում մի քանի նպատակներով՝ Հայաստանում այս ոլորտը ներկայացնելու համար, ներդրողներին դեպի Հայաստան բերելու համար»։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը վերջին շրջանում ոչ միայն տեխնոլոգիական, այլև կրթական ոլորտին վերաբերող միջոցառումներ է բերում երկիր։
«Բոլոր հնարավոր մեծ միջոցառումները, որոնք աշխարհում ճանաչված են, կարող են Հայաստանում իրենց տեղը գտնել և Հայաստանն էլ ճանաչելի դարձնել, փորձում ենք բերել Հայաստան», - նշեց Նազելի Հայրապետյանը՝ հավելելով, որ նման միջոցառումների միջոցով մեծ ֆոնդերը ծանոթանում են տեղական շուկային և հնարավորություն են ստեղծում տեղական շուկայի պրոդուկտները ներկայացնել համաշխարհային շուկաներում։
Նազելի Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ WCIT-ն պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակն է, քանի որ պետությունը տվյալ պարագայում իր ներդրումն է ունեցել միջոցառումը Հայաստան բերելու համար, իսկ մնացած ամբողջ բլոկը համակարգում է մասնավոր սեկտորը։
Միջոցառման կազմակերպման գործընկեր հանդիսացող Fastex ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը նշեց․ ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, որն իր մեջ ներառում է Fastex-ը, Fastbank-ը և այլ նորարարական ընկերություններ, շատ կարևոր է համարում հանդես գալ որպես գործընկեր՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսին (WCIT)»։
ԱՏՁՄ Գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը միջազգային հյուրերին Հայաստանի էկոհամակարգը ցույց տալն է։
«Այդ առումով այս տարվա DigiTec-ը երկու անգամ ավելի մեծ է, քան երբևէ։ Այն մեծ է ինչպես տարածքով, ընկերությունների քանակով, այնպես էլ հովանավորներով։ Այս տարվա DigiTec-ը տարբերվում է նրանով, որ մոտ 100 ստարտափներ կան», - ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ այս տարի աննախադեպ է պետական մարմինների մասնակցությունը։
Ասուլիսի ընթացքում WCIT Գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկաներին տեղեկացրեց, որ միջոցառումը լուսաբանվելու է նաև միջազգային լրատվամիջոցների կողմից, իսկ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ հաղորդեց, որ արդեն նախնական պայմանավորվածություն կա այն մասին, որ Իլոն Մասկը տեսաուղերձով հանդես կգա միջոցառման մեկնարկին։