Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մի շարք թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութի շրջանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԻՊԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները, առաջնորդվելով ԻՊԲ-ի ճշգրիտ հետախուզական տվյալներով, մի շարք թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում զենքի արտադրության մի քանի օբյեկտների և այդ շրջանում ահաբեկչական այլ ենթակառուցվածքների», - նշվում է հոկտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

ԻՊԲ-ն պնդում է, որ հարված հասցնելուց առաջ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նվազեցնելու քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելու վտանգը, ներառյալ՝ վտանգի մասին նախազգուշացումը համապատասխան շրջաններում:

Իր հերթին Euronews-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Բեյրութում պայթյուններ են լսվել, քաղաքում ծուխ է նկատվել։ Բեյրութի հարավային արվարձանների որոշ հատվածներում բնակիչներին կոչ են արել տարհանվել։ 

Իսկ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում չորս բնակելի շենք է ավերվել, ևս մի քանի շենքերում հրդեհներ են բռնկվել։

Հոկտեմբերի 1-ի գիշերը ռմբակոծության հետևանքով Բեյրութի հարավային ծայրամասի Էլ Մրեյջի շրջանում ավերվել է ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրը։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում