Իրան

Իրանի ամբողջ տարածքում չեղարկվել են ավիաչվերթերը

2 րոպեի ընթերցում

Իրանի ամբողջ տարածքում չեղարկվել են ավիաչվերթերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ողջ տարածքում անվտանգության նկատառումներով չեղարկվել են ավիաչվերթերը մինչև հոկտեմբերի 3-ի առավոտյան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուին։

«Անվտանգության ապահովման նպատակներով և տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ ողջ երկրի տարածքում բոլոր չվերթերը չեղարկվել են մինչև վաղն առավոտյան ժամը 05:00-ն», - ասել է նա:

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։   

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։ 

Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում