ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման գործընթացների ինտեգրման Digital Union հայեցակարգը։
«Հենվելով ազգային կառավարությունների հաջող պրակտիկայի վրա և գործի դնելով ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները ՝ մենք առաջ ենք քաշել Digital Union-ի գաղափարը։ Դրա նպատակն է մեր ժողովուրդներին և բիզնեսին ցույց տալ Եվրասիական տնտեսական ինտեգրման իրական օգուտները։ Ընդ որում, մենք ելնում ենք անդամ պետությունների թվային ինքնիշխանության անվերապահ անձեռնմխելիությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Բակիտժան Սագինտաևը։
Նրա խոսքով ՝ այդ հայեցակարգը համաձայնեցված է թվայնացման համար պատասխանատու ԵԱՏՄ պետությունների պրոֆիլային գերատեսչությունների հետ։ Սագինտաևը առանձնացրել է երեք հիմնարար սկզբունք, որոնց վրա կառուցվելու է Digital Union-ը, և որոնք ոչ մի կերպ չեն ազդում երկրների թվային ինքնիշխանության վրա։
«Առաջին հերթին, սա նորմատիվ և ենթակառուցվածքային լուծումների համատեղելիությունն է, որոնք կօգտագործվեն թվային միության ձևավորման մեջ: Այս առումով ազգային թվային հարթակների փոփոխություններ չեն պահանջվի։ Երկրորդ՝ կապահովվի ազգային թվային հարթակների սինխրոնիզացիան և անխափան փոխգործակցության հնարավորությունը։ Երրորդ սկզբունքը ինտեգրացիան է. Digital Union-ն ուղղված է բոլոր չորս «ազատությունների» թվայնացմանը այն ծավալներով և տեմպերով, որոնց պատրաստ են անդամ պետությունները, յուրաքանչյուր երկիր կարող է միանալ ընդհանուր պլատֆորմի տարրերին՝ ըստ պահանջարկի»,- նշեց Սագինտաևը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ նման սկզբունքները թույլ կտան կապել թվայնացման ոլորտում երկրի լավագույն լուծումները՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով դրանց հետագա մասշտաբավորման համար:
«Կձևավորվեն եվրասիական «հնգյակ» երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց նույնականացման փոխճանաչելի համակարգեր՝ առանց տվյալների փոխանցման: Նշված համակարգերի փոխադարձ ճանաչման պիլոտային նախագիծն արդեն իրականացվում է ԵՏՀ-ի կողմից Հայաստանի և Ղրղզստանի հետ համատեղ, Ղազախստանը նախագծին միանալու գործընթացում է:
Մենք հետևողականորեն, հաշվի առնելով երկրների շահերը, կշարունակենք իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային առավելությունը՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման լեգիտիմ իրավունքը»,- եզրափակեց ԵՏՀ կոլեգիայի նախագահը: