ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի ոլորտի ականավորները, մշակութային, քաղաքական այրերը և այլ հյուրեր սեպտեմբերի 29-ին Կիևում հանդիսավոր միջոցառմամբ տոնել են Կինոյի տան 50-ամյակը՝ այն մեկնարկելով Սերգեյ Փարաջանովի 100-րդ հոբելյանին նվիրված նամականիշի մարման արարողությամբ, որը թողարկել է «Ուկրփոստ» պետական ընկերությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցած պատվավոր հյուրերի շարքում է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Ակնառու հայ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի և Ռոման Բալայանի ստեղծագործական ժառանգությանն ու մեծարմանը նվիրված ելույթում դեսպան Կարապետյանը միջոցառմանը ներկա հազարից ավելի մասնակիցներին տեղեկացրել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Փարաջանովի տարի ճանաչված 2024 թվականի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում մի քանի տասնյակ միջոցառումներ են անցկացվել, որոնք ներկայացրել են Փարաջանովի ստեղծագործական տաղանդը։
Նա հատուկ ընդգծել է, որ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Օլենա Զելենսկան Սերգեյ Փարաջանովին հռչակել են որպես Ուկրաինայի Ազգային լեգենդ։ Դեսպանը նաև շնորհավորել է Ռոման Բալայանին՝ ուկրաինական կինոյի զարգացման գործում նշանակալի ներդրման համար և Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակ ստանալու կապակցությամբ։
Ելույթներով հանդես են եկել նաև Ուկրաինայի կինոգործիչների միության նախագահ Սերհեյ Բորդենյուկը, բազմաթիվ ճանաչված կինոգործիչներ և դերասաններ, որոնք շեշտել են Ռոման Բալայանի ավանդը Ուկրաինայի կինոարտադրության զարգացման գործում և այն նոր մակարդակի բարձրացնելու մեջ։
Երեկոյին ցուցադրվել են հայ ռեժիսոր Արտյոմ Գրիգորյանի հեղինակած կինոնկարը՝ նվիրված անվանի խորհրդային երգիչ Նազարի Յարեմչուկին։ Այն դարձել է ամենաեկամտաբեր վավերագրական ֆիլմը Ուկրաինայում:
Միջոցառման ավարտին դեսպանն ու Կինոգործիչների միության նախագահ Սերհեյ Բորդենյուկը մտքեր են փոխանակել, և Բորդենյուկը պատրաստակամություն է հայտնել Կինոյի տանն անվճար հիմունքներով ցուցադրել երիտասարդ հայ ռեժիսորների ֆիլմեր։ Նա խնդրել է դիտարկել նաև Երևանում ուկրաինական կինոնկարների ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունը: