ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպոլի և Եվրամիության խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում տեղի է ունեցել Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը և Օպերատիվ-հետախուզական և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Աբրահամյանը։
Հանդիպման բացման և փակման ելույթներով հանդես է եկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ պատվիրակության անդամները երկկողմ հանդիպումներ են ունեցել մի քանի երկրների ոստիկանությունների պատվիրակությունների հետ։
Նրանք մասնակցել են պանելային քննարկումների, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առցանց խարդախությունների, ինչպես նաև կիբեռհարձակումների և ապատեղեկատվության ազդեցության վերաբերյալ հարցերին։
Նշվում է, որ ներկայացվել է ազգային մոտեցումների լավագույն փորձը, քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերները։