Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ցուցադրությամբ նշեց Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի հոբելյանները

5 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ցուցադրությամբ նշեց Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի հոբելյանները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մի խումբ մտավորականներ ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին. պանթեոնում նաև հոգեհանգստյան կարգ անցկացվեց, որին հաջորդեց «Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Այն նվիրված է Կոմիտասի 155 և դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց՝ մեծանուն մարդկանց մասին ասում են՝ նրանք կարծես բոլորինն են։ «Կան իրավիճակներ, երբ ինձ համար Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է։ Նրա երաժշտությունը հնարավորություն է տալիս կարգի բերել սեփական մտքերը, խորհել և ավելի պարզ մտածել այն բոլոր բարդ հարցերի մասին, որոնք կանգնած են մեր առաջ։ Ամենակարևորը կոմիտասյան երաժշտության հնչողությունն է, որ մեզ թույլ է տալիս լսել ինքներս մեզ»,-նշեց նախարարը։

Անդրեասյանն ուրախ է, որ պանթեոնում նաև դպրոցականներ կային։ Նա հույս ունի, որ թանգարան-ինստիտուտի սրահներն էլ լի կլինեն դպրոցականներով, որովհետև առաջին հերթին կարիք կա երեխաներին ծանոթացնելու բարձր արվեստին՝ նրանց Կոմիտասի ժառանգության հաղորդակիցը դարձնելով։

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ շեշտեց՝  հայտնի փաստ է, որ Կոմիտասի կյանքում Փարիզը նշանակալի դեր է ունեցել. թե՛ Կոմիտասը, թե՛ Բաբայանը փարիզյան մշակութային կյանքի կարևոր մասն են եղել, ուստի որոշել են մեկ ցուցադրությամբ անդրադառնալ նշանավոր հայերին։

Նա տեղեկացրեց, որ ցուցադրությանը պատրաստվել են ավելի քան մեկ տարի։ Իրականացվել է լուրջ հետազոտական աշխատանք, ինչի համար շնորհակալ է բոլոր աջակիցներին։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը  հատկապես կարևորում է Կոմիտասի և Բաբայանի՝ ցուցադրությունում ներառված  նամակները, որոնք շատ անկեղծ են և վկայում են նրանց ջերմ բարեկամության մասին։  «Նամակագրությունը Կոմիտասի և Մարգարիտ Բաբայանի մարդկային ամենաջերմ, ամենաջինջ հարաբերությունների դրսևորում է։ Նամակներն առհասարակ արխիվային փաստաթղթերի մեջ առավել կարևորվում են, քանի որ հնարավորություն են տալիս զգալ նամակների հեղինակների ապրումները։ Նրանց բարեկամության դրսևորման  բարձրակետը այն փաստն է, որ Մարգարիտ Բաբայանն է Արշակ Չոպանյանի օգնությամբ կորստից փրկել Կոմիտասի ձեռագրերը, հավաքագրել և իր ամբողջական արխիվի հետ նվիրել Գրականության և արվեստի թանգարանին»,-ընդգծեց Խոջամիրյանը։

Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը ցավով նշեց, որ Մարգարիտ Բաբայանին այսօր շատերն են մոռացել, այնինչ ծանոթանալով նրա կենսագրությանը՝  բացահայտում ես, որ նա իր ժամանակին մեծ վաստակ է ունեցել և՛ որպես երգչուհի, և՛ որպես մարդ, որը տարածել է հայ երգն ու երաժշտությունը, միջազգայնացրել այն։

«Նա կատարել է հայկական, հունական, հրեական, չինական, լեհական, վրացական և այլ երգեր։ Բաբայանն իր բոլոր համերգներին անպայման Կոմիտաս է հնչեցրել ու նպաստել Կոմիտասի ճանաչմանը։ Նա մեծ դեր է ունեցել Կոմիտասի արխիվի, ձեռագրերի հավաքման, Ֆրանսիայում դրանց հրատարակման, ինչպես նաև նրա ժառանգությունը Հայաստան բերելու գործում»,-ասաց Հարոյանն ու հավելեց՝ ցուցադրությանը մեծ նշանակություն է տրվել նամակագրությանը, սակայն ընդգրկված է նաև 1914 թվականի «Մուզիկա» ամսագիրը, որում ներկայացվում է այն համերգը, որը վերջինն է եղել, երբ Կոմիտասն ու Բաբայանը համատեղ են հանդես եկել։ «Այսօր՝ 110 տարի հետո, մեկ հարկի տակ հնչում է Բաբայանի ու Կոմիտասի ձայնը»,-եզրափակեց Մարինե Հարոյանը։

Ժամանակավոր ցուցադրության կայացմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը և այլք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում