Չեխիայում լույս տեսնող «ՕՐԵՐ» համաեվրոպական ամսագիրը Երևանում տոնեց հիմնադրման 25-ամյակը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրեր» համաեվրոպական ամսագիրը, որը եռամսյա պարբերականությամբ լույս է տեսնում Պրահայում, Երևանում տոնեց հիմնադրման 25-ամյակը։

Տոնական միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի 25-ին «Թեքեյան» կենտրոնում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ասաց՝ 1999 թվականին իր կնոջ՝ Աննա Կարապետյանի հետ լույս են ընծայել ամսագիրը՝ նպատակ ունենալով այդ տարիներին Եվրոպա գաղթած հայաստանցիների համար արևելահայերեն պարբերական ստեղծել։ «Ուսումնասիրելով դաշտը՝ տեսա, որ Եվրոպայում արևմտահայերեն պարբերականներ կան, սակայն չկա արևելահայերեն ամսագիր։ Այդ տարիներին արբանյակային հեռուստատեսություն չկար, համացանցը զարգացած չէր, կայքէջեր չկային։  Այդ պայմաններում մենք սկսեցինք «ՕՐԵՐ»-ի՝ որպես համաեվրոպական ամսագրի հրատարակումը։ Իհարկե Չեխիայի կյանքին ավելի մեծ ուշադրություն էինք դարձնում, բայց աստիճանաբար կարողացանք ընդգրկել ամբողջ Եվրոպան»,-նշեց նա։

«ՕՐԵՐ»-ը տարիների ընթացքում մեծ ծրագրեր է իրականացնել, բայց Ասատրյանը առանձնահատուկ է համարում «Եվրոպայի հայերը» նախագիծը, որի շրջանակում ամեն համարում ներկայացրել են Եվրոպայի բոլոր հայկական համայնքների պատմությունը, ներկան ու ապագան։ «Դա բացառիկ նախագիծ էր, քանի որ կային հայկական համայնքներ, որոնց մասին մինչ մենք ոչ ոք չէր գրել։ Մենք ներկայացնում ենք ոչ միայն կազմակերպությունները, եկեղեցական կառույցները, այլև մշակույթի, արվեստի գործիչներին, գիտնականներին, մարզական գործիչներին, հաջողության հասած մարդկանց։ Այդպես ձգտում ենք միավորել Եվրոպայում ապրող բոլոր հայերին»,-շեշտեց Ասատրյանը։

Ամսագրի համահիմնադիրի խոսքով՝ անգամ համացանցի զարգացման շրջանում կարողանում են գոյատևել և գործում նաև առցանց տիրույթում։ «Մենք զուգակցում ենք տպագիրն առցանցի հետ, ինչը շատ կարևոր է։ Երբ ադրբեջանական հարձակումների թիրախ դարձանք, մեր կայքէջերը կորան, կորցրինք ամբողջ առցանց արխիվը, իսկ այն, ինչ տպագրված էր, կարողացանք պահպանել։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ, անկախ տեխնոլոգիական առաջընթացից, տպագիրն անհրաժեշտ է»,-պատմեց Հակոբ Ասատրյանը։

Դահլիճում ներկա էին մշակույթի, գիտության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք տարբեր շրջաններում դարձել են «ՕՐԵՐ»-ի հերոսներ։ «Թեքեյան» կենտրոնի հրավերով և հյուրերին մեկ հարկի տակ համախմբելու ցանկությամբ ամսագիրը հոբելյանը տոնեց Երևանում, իսկ Չեխիայում նշելու է նոյեմբերի 2-ին։

Լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս, խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ, խոսելով «ՕՐԵՐ»-ի մասին, ընդգծեց, որ այն համահայկական կապեր է ստեղծել։ «Ով կպատկերացներ, որ 25 տարի առաջ մի փոքր գաղութում, որտեղ քիչ հայեր կային, կստեղծվեր «ՕՐԵՐ»-ը։ Եթե ասում են՝ թերթը յուրօրինակ համայնք կերտող կառույց է, «ՕՐԵՐ»-ը դարձավ ոչ միայն Չեխիայի համայնքի, այլև կենտրոնական Եվրոպայի համայնքներին և բոլոր հայերին իրենց հայրենիքին կապող կառույց»,-ասաց նա։

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը խոստովանեց, որ «ՕՐԵՐ» ամսագրին ծանոթացել է, երբ ստանձնել է դեսպանի պարտականությունները։ «Պարզվեց, որ այն շատ տարածված և հետաքրքիր ամսագիր է։ Երբ դարձա դեսպան, ակամայից դարձա հայկական համայնքի մի մասը, ինչ-որ չափով Հայաստանի և հայերի մի մասը։ Այդ ժամանակ հասկացա, որ օրերը պարզապես պատմության, մարդկանց կենսակերպի, հայկական համայնքի կյանքի  մասին ամսագիր չէ։ Այն օգնում է բացահայտել ինչպես Չեխիայի հայկական համայնքը, այնպես էլ՝ այլ երկրների, ինչն էլ օգնում է լավ ճանաչել միմյանց»,-նշեց դեսպանը։

Նա կարևորեց նաև այն փաստը, որ ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում բազմաթիվ հաջողության պատմություններ, ծանոթացնում հայերի, որոնք մեծ ձեռքբերումներ են ունեցել Եվրոպայում, ինչը հպարտության զգացողություն է առաջացնում։

Միջոցառումն ուղեկցվեց մի շարք երաժշտական կատարումներով, շնորհավորանքներով և «ՕՐԵՐ»-ի՝ հայկական համայնքի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարման մասին ելույթներով։ 

«ՕՐԵՐ» եվրոպական անկախ ամսագիրը  հրատարակվում է 1999 թվականից Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Հրատարակիչը Կովկաս-Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է, որի հիմնադիրներն են ամսագրի գլխավոր խմբագիր,  «Վահան Թեքեյան» մրցանակի դափնեկիր Հակոբ Ասատրյանը և orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։

Ամսագիրը լույս է տեսնում եռամսյա պարբերականությամբ՝ կրկնապատկելով էջերի քանակը։ «ՕՐԵՐ»-ը լայնորեն լուսաբանում է եվրոպահայության կարևոր ձեռնարկներն ու նախագծերը, Հայաստան-Եվրոպական միություն կապերը, հայ-չեխական հարաբերությունները, հայ մշակույթի գործիչների, մարզիկների, գործարարների հաջողությունները։

«ՕՐԵՐ»-ն արժանացել է բազմաթիվ մասնագիտական մրցանակների։

 

Հայերեն

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելիս ձերբակալվել են

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազն ազատվել է պաշտոնից

Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը դրական է գնահատում հայերի խաղաղասիրական ձգտումները

Թրամփի վարչակազմը հանդիպումներ և բանակցություններ է պլանավորել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ

«Համատեղ լուծում-2025». Հայաստանը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զորավարժությանը

Երևանի մետրոպոլիտենում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել․ գնացքը ներկելու համար ձերբակալվել է 5 անձ

Հայտնի են ​​«Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում նրանց ելույթներից. Մագդալենա Գրոնո

Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ