Քաղաքականություն

Վարչապետը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

3 րոպեի ընթերցում

Վարչապետը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ: 

Ըստ աղբյուրի՝ Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ` ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման: 

Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր: 

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: 

Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։ 

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար: 

Ավելին, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում