Մշակույթ

Կոմիտասի 155-ամյակին Երևանի օպերային թատրոնի բեմ կվերադառնա «Անտունի» բալետը

8 րոպեի ընթերցում

Կոմիտասի 155-ամյակին Երևանի օպերային թատրոնի բեմ կվերադառնա «Անտունի» բալետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հիսուն տարի անց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կվերադառնա Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը։ 

Նոր շնչով, նոր մոտեցումներով բալետային ներկայացումը արվեստասերներին կներկայացվի Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ բեմահարթակ է վերադառնում մի ստեղծագործություն, որը գրվել է խորհրդային ժամանակներում։ «Այդ տարիներին մեծ հերոսություն էր ստեղծագործել, գրել այնպիսի բան, որ կունենար ենթատեքստեր, ուստի այս բալետը մեզ համար շատ թանկ է, բացի այդ այն  համախմբել էր մեծատառով հայերի՝ Էդգար Հովհաննիսյանին, Մաքսիմ Մարտիրոսյանին, Մինաս Ավետիսյանին ու Ռոբերտ Էլիբեկյանին»,-նշեց Դուրգարյանը։

Ըստ մաեստրոյի՝ հայ մարդը հեշտությամբ կընկալի, կզգա «Անտունի» բալետը, քանի որ այն շատ հայկական է։ «Բալետում չենք փորձելու գեղեցիկ վարիացիաներ գտնել, այն ուղղակի մեծ թատրոն է, բալետ-ներկայացում է»,-շեշտեց նա։

Ըստ օպերային թատրոնի տնօրենի՝ մեծերին շնորհակալություն հայտնելու միակ տարբերակը նրանց ստեղծածն ապրեցնելն է, ինչն էլ իրենք փորձում են անել։ Կարեն Դուրգարյանը հույս ունի, որ հանդիսատեսը կսիրի «Անտունի» բալետ-դրաման, և այն երկար կյանք կունենա։

«Անտունի»-ի առաջնախաղը տեղի է ունեցել 1969 թվականին։ Այն նվիրված է եղել Կոմիտասի 100-ամյակին։ Կոմիտասին մարմնավորել է Ռուդոլֆ Խառատյանը, Խումարի դերում եղել է Աննա Մարիկյանը։ Բալետը բեմադրել են կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, բեմանկարիչը եղել է Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը՝ Ռոբերտ Էլիբեկյանը։

Դուրգարյանն ուրախ է, որ 55 տարի անց  բալետը կրկին կլինի օպերային թատրոնի բեմում բալետի ստեղծման ակունքներում կանգնած արվեստագետների ժառանգների շնորհիվ։  

Վերականգնող բալետմայստեր Սուսաննա Մարտիրոսյանը Մաքսիմ Մարտիրոսյանի դուստրն է։ Նա պարել է և սովորել է այն տարիներին, երբ հայրը ղեկավարել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ Մարտիրոսյանը «Անտունի» բալետը վերականգնելը պատասխանատու և պարտավորեցնող է համարում։ «Հորս մոտ բալետի գաղափարը ծնվել է 1968 թվականին։ Խորհրդային Հայաստանը պատրաստվում էր տոնել Կոմիտասի 100-ամյակը, և այս բալետով հայրս իր հարգանքի տուրքը մատուցեց Կոմիտասին։ Մեր ընտանիքում Կոմիտասի հանդեպ յուրահատուկ մոտեցում կար։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր սրտում իր Կոմիտասին ունի»,-ասաց նա և հավելեց՝ 1969-ը բալետի առաջին ծնունդն էր, սակայն այն նաև 1987 թվականին բեմ բարձրացավ։ Այդ ժամանակ Սուսաննա Մարտիրոսյանն ասես մասնակցել է բալետի վերածննդին, քանի որ նաև պարել է ներկայացման մեջ։ Այդ շրջանում ներկայացումը թատրոնի խաղացանկում կարճ կյանք է ունեցել, ինչի պատճառ են դարձել երկրաշարժը, Ղարաբաղյան շարժումը։ 

«Մեր ծնողները չկան, և մենք որոշեցինք նորովի ներկայացնել բալետը՝ պահպանելով բալետի յուրահատուկ ոճը, որն անուն չունի։ Բալետային բառապաշարը շատ հստակ է. կարող է լինել դասական բալետ, ստիլիզացված, մոդեռն և այլն, իսկ «Անտունի»-ն այդ ամենի համադրությունն է և լեզուն, որ ստեղծել է հայրս, ուստի բավականին դժվար էր  փոխանցել նրա հեղինակային լեզուն, սակայն ես փորձեցի մեր երիտասարդներին ադապտացնել այդ ոճին։ Վստահ եմ, որ ներկայացումը հաջողություն կունենա, ինչպես եղավ  55 տարի առաջ, քանի որ շատերը դեռ հիշում են այն»,-հավաստիացրեց վերականգնող բալետմայստերը։

Ըստ Մարտիրոսյանի՝ «Անտունի» բալետը մեր  ազգային նույնականացումն է թե՛ Էդգար Հովհաննիսյանի հրաշալի երաժշտությամբ, թե՛ Մինաս Ավետիսյանի ստեղծած ավանգարդ միջավայրով։ Նա վստահեցնում է՝ Էդգար Հովհաննիսյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Մինաս Ավետիսյանն ու Ռոբերտ Էլիբեկյանը կարողացել են ստեղծել մի յուրահատուկ, բացառիկ ներկայացում, և այն բեմ կվերադառնա որոշ փոփոխություններով։

Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, որ վերականգնող նկարիչն է, մեծ ոգևորությամբ է աշխատել և փորձել նոր լուծումներ գտնել։ «Հիսունհինգ տարի առաջ հայրս ավանգարդ մոտեցում է ցույց տվել բալետի շուրջ աշխատելիս, ինչը նշանակում է, որ այն այսօր էլ պետք է նորարարական լիներ. Մենք չէինք կարող հաշվի չառնել ժամանակի տեխնիկական հնարավորությունները, ժամանակակից արվեստի որոշ կարևոր մոտեցումներ։ Փորձել եմ հասկանալ ու արտահայտել հորս մտածողությունն ու նրա արվեստից ընտրել այնպիսի տարրեր, որոնք ստեղծել էր «Անտունի»-ից հետո։ Պահպանել եմ հորս մոտեցումները՝ արդիական շունչ տալով դրանց»,-նշեց նկարիչը։

Ներկայացման գլխավոր դերակատարներից է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը։ Բալետի արտիստը «Անտունի»-ն ստեղծողներին հսկաներ է համարում։ Մուրադյանն առիթ է ունեցել սովորելու Մաքսիմ Մարտիրոսյանի դասարանում և նրան դասական արվեստի մեծերից է համարում։

Անդրադառնալով Կոմիտասին՝ Մուրադյանը նշեց՝ Կոմիտասը մեր դիմագիծն է պահպանել։ «Այս բալետը ներկայացնում է մեր ինքնությունը։ Մինչ «Անտունի»-ն մեր խաղացանկում ընդգրկում էինք դասական ներկայացումներ ինչպիսիք են «Մարդուկ-ջարդուկ»-ը, «Ռոմեո և Ջուլիետ»-ը, «Կարապի լիճ»-ը, որոնք պետք է լինեն, իսկ «Անտունի»-ն պարտադիր ներկայացում է, որով մենք ենք ճաշակ թելադրում։ Այս բալետը մտորելու առիթ է տալիս, հերթական անգամ մեզ հիշեցնում է մեր ինքնության մասին, այն ինքներս մեզ հայելու մեջ տեսնելու հնարավորություն  է ընձեռում։ Մենք  մեր առաքելությունն ենք կատարում և մեր դաշտից որպես արվեստագետներ, որպես ակադեմիական թատրոն մեր հայրենակիցներին հիշեցնում, թե որքան  կարևոր է իմանալ մեր պատմությունը, հիշել, թե որտեղից ենք գալիս, ովքեր ենք»,-շեշտեց Ռուբեն Մուրադյանը։

«Անտունի» բալետը կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական համագործակցության գագաթնակետն է։ Մաքսիմ Մարտիրոսյանի հեղինակած լիբրետոյի համար հիմք է ծառայել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը։ Սևակի պոեզիայում Էդգար Հովհաննիսյանը տեսնում էր ապագայում ստեղծվելիք մոնումենտալ երաժշտական ստեղծագործությունների գրական հիմքի անսպառ աղբյուր։ «Կոմպոզիտորները դեռ երկար տարիներ հպվելու են Սևակի ազնիվ բանաստեղծությանը, օգտվելու են նրա ստեղծած կերպարներից, հետևելու են Սևակի գործերի հզոր ներքին սիմֆոնիզմին։ Ես երջանիկ եմ, որ դրա անդրանիկ փորձը դարձավ «Անտունի» բալետը»,-նշել է Էդգար Հովհաննիսյանը։ 1969-ի բեմադրության մեջ հնարավոր էր տեսնել  նոր, անսպասելի կառուցվածքային ու դրամատուրգիական լուծումներ, համարձակ խորեոգրաֆիա, ինքնատիպ ձևավորում, ազգային երաժշտական նախասկզբի էպիկական վերաիմաստավորում, կոմիտասյան մեղեդայնության սիմֆոնիզացում։ Բալետի կարևոր առանձնահատկությունը օրատորիալ-սիմֆոնիկ և երաժշտաթատերական ժանրերի յուրահատուկ համադրումն է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում