Հայաստան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ

3 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար օրենքով կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

«Նախատեսվում է լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ բյուջեով Հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ»,-ասաց Լևոն Բալյանը:

Ֆոնդի ձևավորման պայմանները, հատկացվող գումարի առավելագույն չափը, որոշման կարգը սահմանելու է կառավարությունը:

Ծառայության կատարողականի բարձրացման նպատակով 2022-ի սեպտեմբերից ծառայությունում գործարկվել էր պարգևատրման պիլոտային ծրագիր: Նրա խոսքով՝ ըստ արձանագրված արդյունքների, հաջողել է: «Ծառայությունում կատարողականի դրական ցուցանիշը զգալիորեն աճել է: Օրինակ՝ 2023-ին ծառայության կողմից գանձված կատարողական ծախսը նախորդ տարվա արդյունքին գերազանցում է 629 մլն դրամով: Իսկ նույն ժամանակահատվածում կարճված կատարողական վարույթների թվի դրական տարբերությունը կազմում է 167 հազար կատարողական վարույթ»,-ասաց փոխնախարարը:

Արձանագրվել է, որ ծառայության աշխատակիցներին արդյունքահեն սկզբունքով (կատարված աշխատանքի արդյունքի և պարգևատրման չափի ուղիղ կապ) պարգևատրումը դրական ազդեցություն է ունեցել ծառայության գործառույթի իրականացման արդյունավետության վրա: Ուստի նախարարությունում գտնում են, որ պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն անհրաժեշտ է ամրագրել օրենսդրորեն:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի 610 հաստիք: Պարգևատրման ֆոնդն, ըստ փոխնախարարի, լինելու է առավելագույնը 500 մլն դրամ: Բալյանն ասաց, որ աշխատանքի ընդունվելիս արդարադատության լեյտենանտի կոչումով հարկադիր կատարողի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է: Արդարադատության մայորի կոչումով ավագ հարկադիր կատարողի աշխատավարձը մոտ 180 հազար է:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում