ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024-ի հուլիսին տնտեսական աճի տեմպը թուլացել է՝ հունիսի 7 տոկոսի դիմաց կազմելով 6.2 տոկոս (տ/տ)։ Գնաճն օգոստոսին բարձրացել է՝ կազմելով 1.3 տոկոս։ Ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանումը հուլիսին շարունակել է արտահանման և ներմուծման աճի հիմնական շարժիչը լինել։ Նույն ամսում 69 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդով պայմանավորված՝ հունվար-հուլիսի բյուջեի աճողական հաշվեկշիռը վերածվել է 58 միլիարդ դրամ պակասուրդի, իսկ առևտրային բանկերի ավանդերն ու վարկերն աճել են մոտավորապես 2 տոկոսով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Համաշխարհային բանկի «Հայաստան․ տնտեսության ամենամսյա տեսություն – սեպտեմբեր 2024» ամփոփագրից։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսի 7 տոկոսից (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ) հուլիսին նվազեց 6.2 տոկոսի (տ/տ)։
Առևտրի աճի տեմպը թուլացավ՝ հունիսի 16.2 տոկոսի (տ/տ) դիմաց հուլիսին կազմելով 14 տոկոս (տ/տ)։ Ծառայությունների աճի տեմպը (բացի առևտրից) ևս նվազեց՝ հուլիսին կազմելով 4.9 տոկոս (տ/տ)՝ հունիսի 7.8 տոկոսի դիմաց (տ/տ)։ Նույն ժամանակահատվածում շինարարությունը շարունակեց աճել մոտավորապես 18 տոկոսով (տ/տ)։ Արդյունաբերության աճը փոքր-ինչ բարելավվեց՝ հունիսի 1.3 տոկոսից (տ/տ) հուլիսին կազմելով 2.2 տոկոս (տ/տ), հիմնականում պայմանավորված էլեկտրաէներգիայի և էներգետիկայի ավելի մեծ աճով (13 տոկոս, տ/տ)։ Մշակող արդյունաբերության աճի ցածր տեմպը պահպանվեց՝ 2.5 տոկոս, ընդ որում՝ հիմնական արտադրական ենթախմբերի մեծ մասի կրճատմամբ՝ սննդամթերքը, խմիչքները և ոսկերչական ապրանքները նվազեցին համապատասխանաբար 5 տոկոսով (տ/տ), 4.4 տոկոսով (տ/տ) և 27 տոկոսով (տ/տ)։ Դա փոխհատուցվեց սիգարետի (21 տոկոս, տ/տ), տեքստիլի (23 տոկոս, տ/տ) և սև ու գունավոր մետաղների (74 տոկոս, տ/տ) արտադրության աճով։ Հանքարդյունաբերության անկումը շարունակվեց, սակայն ավելի դանդաղ տեմպով՝ հունիսի 10.7 տոկոսի համեմատ հուլիսին կազմելով 5.4 տոկոս (տ/տ)»,- ասվում է ամփոփագրում։
Ըստ դրա հեղինակների՝ տնտեսական ակտիվության աճի հունվար-հուլիս ամիսների աճողական ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս (տ/տ)։ Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները հուլիսին նվազել են 38.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված 23.1 տոկոսով պակաս ներհոսքերով։ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքերը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազել են 42 տոկոսով, միաժամանակ փոքր-ինչ աճելով տվյալ ամսին՝ նախորդ ամսվա նկատմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ-ից ներհոսքերն աճել են 8.8 տոկոսով (տ/տ)։ Աճել են նաև դրամական տրանսֆերտների արտահոսքերը (մասնավորապես՝ ՄԹ և ԱՄՆ)՝ նպաստելով զուտ ներհոսքերի նվազմանը։ Արտահոսքերը դեպի Ռուսաստան նվազել են 13 տոկոսով (տ/տ)։
«Օգոստոսին գնաճը, երրորդ ամիսն անընդմեջ, բարձրացավ՝ հաջորդելով 2023 թ․ հոկտեմբերից սկսած գնաճի նվազման ժամանակաշրջանին։ Օգոստոսին գնաճը կազմեց 1.3 տոկոս (տ/տ)՝ հունվար-օգոստոս ամիսների միջին գնաճը հասցնելով –0.1 տոկոսի։ Տրանսպորտի գներն օգոստոսին բարձրացան 9.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ակցիզների 9 տոկոսանոց աճով և ներմուծվող նավթի ավելի բարձր գներով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով օգոստոսին արձանագրվեց 1 տոկոսի գնաճ (տ/տ)։ Սեպտեմբերի սկզբին ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն իջեցրեց ևս 2,5 տոկոսային կետով՝ մինչև 7.5 տոկոս․ սա 2024 թ․ սկզբից սկսած հինգերորդ անընդմեջ իջեցումն էր»,- նշում են ամփոփագրի հեղինակները՝ հավելելով, որ ոսկու և ոսկերչական արտադրանքի վերաարտահանումը հուլիսին շարունակել է արտահանման աճի հիմնական շարժիչը լինել։ Ապրանքների արտահանումն ու ներմուծումն աճել է համապատասխանաբար 42.8 տոկոսով (տ/տ) և 30.7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների (հիմնականում ոսկու և ոսկերչական արտադրանք) արտահանման (5.2- ապատիկ) և ներմուծման (5.9-ապատիկ) աճով։ Բայցևայնպես, նախորդ ամսվա համեմատ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը նվազել է 11.6 տոկոսով, ընդ որում՝ ընդհանուր արտահանման կազմում դրանց մասնաբաժինը հասել է 48.5 տոկոսի՝ շատ ավելի ցածր, քան 2024 թ․-ին դրանց 75 տոկոս մասնաբաժինը։
Ըստ աղբյուրի՝ հանքահումքային արտադրանքը, պատրաստի սնունդը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել են, համապատասխանաբար, 15 տոկոսով (տ/տ), 11 տոկոսով (տ/տ) և 52 տոկոսով (տ/տ)։ Հուլիսին մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների և ավտոտրանսպորտային միջոցների արտահանումը, 2023 թ․ արտահանման ամենաբարձր աճ գրանցած ապրանքախմբերը, նվազել է, համապատասխանաբար, 21 տոկոսով (տ/տ) և 86 տոկոսով (տ/տ)։ Առանց նկատի ունենալու թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մեքենա-սարքավորումների (հիմնականում բջջային հեռախոսներ) և ավտոտրանսպորտային միջոցների, արտահանումը հուլիսին աճել է 6 տոկոսով (տ/տ)։
«Հունվար-հուլիս ժամանակահատվածում արտահանումը և ներմուծումն աճեցին համապատասխանաբար 121.2 տոկոսով և 79.1 տոկոսով՝ հանգեցնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդի 14.5 տոկոսանոց ավելացման։ ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու նկատմամբ հարաբերականորեն կայուն էր հունիս-օգոստոս ժամանակահատվածում։ 2023 թ․ համեմատ ՀՀ դրամ – ԱՄՆ դոլար փոխարժեքը սոսկ 0.5 տոկոսով էր ավելի թույլ օգոստոսի վերջին (տ/տ), իսկ ՀՀ դրամ-ռուսական ռուբլի փոխարժեքը արժեզրկվեց 6.2 տոկոսով, (տ/տ)։ 2024 թ․ 2-րդ եռամսյակում ՀՀ ԿԲ-ն 256.5 միլիոն ԱՄՆ դոլար գնեց՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար։ Միջազգային պահուստների կուտակումը շարունակվեց, որոնք, հուլիս-օգոստոս ամիսներին աճելով 260 միլիոն ԱՄՆ դոլարով, կազմեցին 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար (համարժեք է 3 ամսվա ներմուծման ծածկույթի), սակայն դեռևս 13 տոկոսով ցածր են պահուստների՝ 2023 թ․ հուլիսի վերջի մակարդակից։
Հուլիսին գրանցվեց բյուջեի 69 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդ (տ/տ)։ Ասվածը հիմնականում պայմանավորված էր ծախսերի աճով։ Ընդհանուր ծախսերն ընդլայնվեցին 24.4 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված 19.6 տոկոսով (տ/տ) ընթացիկ ծախսերի աճով։ Կապիտալ ծախսերը ևս ընդլայնվեցին 43.6 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված պաշտպանության և ճանապարհային ցանցի բարելավումներով։ Հատկանշական է, որ անվանական արտահայտությամբ հուլիսին հարկային եկամուտներն աճեցին 14.6 տոկոսով (տ/տ), սակայն դրանից հանելով եկամտային հարկի՝ հիփոթեքի հետ կապված վերադարձը (նախորդ տարիների մոտեցման նման), հարկային ընդհանուր եկամուտներն ավելացել են սոսկ 2.3 տոկոսով (տ/տ)։ Հարկերի ավելացմանը նպաստող հիմնական հարկատեսակների՝ շրջանառության և ակցիզային հարկերի հավաքագրումն ընդլայնվեց, համապատասխանաբար, 15.6 տոկոսով (տ/տ) և 12.4 տոկոսով (տ/տ)։ Ի տարբերություն դրա՝ ԱԱՀ-ի հավաքագրումներն անփոփոխ են մնացել։ Աճողական ցուցանիշով՝ հունվար-հուլիս ամիսների բյուջեի հաշվեկշիռը 58 միլիոն ՀՀ դրամի պակասուրդ է ցույց տվել (կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսն է)՝ համեմատած 2023 թ․ նույն ժամանակահատվածում գրանցված 96.4 միլիարդ ՀՀ դրամի հավելուրդի հետ։ Առևտրային բանկերի ավանդները և վարկերը հուլիսին ընդլայնվեցին 1.6 տոկոսով (ա/ա) և 2 տոկոսով (ա/ա)՝ հիմնականում պայմանավորված ՀՀ դրամով արտահայտված միջոցներով»,- ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստան․ տնտեսության ամենամսյա տեսություն – սեպտեմբեր 2024» ամփոփագրում, որի համաձայն՝ ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվել են՝ 20.3 տոկոս կազմող կապիտալի համարժեքության գործակցով, չաշխատող վարկերի ցածր հարաբերակցությամբ (1.2 տոկոս) և ըստ ակտիվների շահութաբերության հայտարարվող 4.5 տոկոսով: