Հայաստան

Եվրաջասթի նախագահը Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրը պատմական է համարում

5 րոպեի ընթերցում

Եվրաջասթի նախագահը Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրը պատմական է համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ)  նախագահը հանցավորության դեմ պայքարում Հայաստանի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Երևանի համար պատմական հանգրվան է համարում՝ հույս հայտնելով, որ այդ աշխատանքային պայմանավորվածությունները չեն մնա պարզապես թղթի վրա և կվերածվեն իրական գործողությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ի ու Եվրաջասթի միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցելու մասին աշխատակարգ-համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեց Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը։

Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր կարևոր դեր են խաղացել այս համատեղ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։

«Հայաստանը միանալու է 39 պետություններին, որոնք Եվրաջասթում արդեն գործընկերներ են։ Դրանցից են Եվրոպական միության 27 պետություններ, որոնք Եվրաջասթում ներկայացուցիչ ունենալու պարտավորություն ունեն, և 20 տարվա պատմության մեջ մենք ևս 13 համագործակցության համաձայնագրեր ենք կնքել ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ։ Այսօր դուք դառնում եք 14-րդ անդամը և սա նշանակում է նաև, որ դուք կարող եք գործուղել համակարգող կամ կադրերի համար պատասխանատու դատախազի մեր գլխավոր շտաբ՝ Հաագա», - նշեց Լադիսլավ Համրանը՝ հավելելով, որ Հայաստանը, կապերի համար պատասխանատու ունենալով Եվրաջասթում, դատաիրավական համագործակցության ամբողջովին նոր ուղղություն է բացում։

Նրա խոսքով՝ այս միջոցով Հայաստանի համար հասանելի են դառնում գործերի վարման գերժամանակակից համակարգը, հանցավորության ապացույցների միջազգային տվյալների բազաները, քննչական համատեղ թիմերը, ապացույցների փոխանակման հարթակը և գիտելիքի կառավարման համատեղ հարթակը։ 

«Սրանք ամբողջովին նոր հնարավորություններ են ձեզ համար, որպեսզի էլ ավելի սերտ համագործակցություն ունենաք համախոհների հետ․ այն երկրների, որոնք նույն իրավունքի գերիշխանության արժեքների և ժողովրդավարության արժեքների կրողն են», - ասաց Համրանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօրվանից նաև դատախազների միջև նոր երկխոսության հարթակ կունենա։  

Եվրաջասթի նախագահի դիտարկմամբ՝ անդրսահմանային գործերը լուրջ մարտահրավեր են դատավորների և դատախազների համար, ովքեր պայքարում են դրանց դեմ։

«Դուք քաջ գիտեք, որ իրավաբանորեն դժվար է ապահովել հանցավոր ճանապարհով ստացված հասույթն արտերկրում հայտնաբերելը, առգրավելը և համապատասխան երկիր վերադարձնելը։ Մենք եղած գործերից նաև հասկացել ենք, որ սա բավականին հոգնեցնող և իրավաբանական առումով բավականին բարդ գործընթաց է, որի համար բանակցել է պահանջվում։ Հետևաբար, ձեր դատախազն այնտեղ կլինի և այդ կերպ կապահովի ձեր համագործակցությունը գործընկեր երկրների հետ այն դեպքերում, երբ այդ ապացույցները կամ դրամական միջոցները, գույքը հնարավոր է գտնել», - նշեց Լադիսլավ Համրանը՝ կարծիք հայտնելով, որ 21-րդ դարում հնարավոր չէ համագործակցել միայն դիվանագիտական խողովակներով։

Նրա խոսքով՝ վստահության ամրապնդման համար բոլոր երկրները պետք է համագործակցեն, հաղորդակցվեն, երկխոսությունը բաց պահեն։

«Ուստի, սա պատմական հանգրվան է ձեր՝ Եվրամիության ճանապարհին, և մենք հավատացած ենք, որ դուք այս հնարավորությունը կվերածեք իրական գործողությունների։ Մենք քիչ առաջ ավարտեցինք մեր աշխատանքը ձեր նախագահի հետ և մենք չենք ուզում, որ այս աշխատանքային պայմանավորվածությունը մնա թղթի վրա։ Մենք ցանկանում ենք այն վերածել իրական գործողությունների և հավատացած ենք, որ լավ մտադրություններով, լավ արժեքներով կկարողանանք սարեր շարժել», - եզրափակեց Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և Եվրաջասթի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում