Հայաստան

ՄՊՀ-ն շոկոլադե կոնֆետների իրացման արդյունքում անբարեխիղճ մրցակցության դեպք է հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն շոկոլադե կոնֆետների իրացման արդյունքում անբարեխիղճ մրցակցության դեպք է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և  Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են  պատասխանատվության միջոցներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովն արձանագրել է, որ  «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից,  արտադրվում են Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում գործող  «Լիի» մայր գործարանի կողմից 1900-ական թվականներից  «LEE Choc Chocolate, Since 1947» մակնշմամբ: 

Հարուցված վարույթների շրջանակներում պարզ է դարձել, որ վերը նշված տնտեսավարողները  ՀՀ-ում իրացրել են «LEE»  ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետներ՝ չունենալով թույլտվություն «Լիի» մայր գործարանի կողմից և սպառողների մոտ առաջացնելով շփոթություն:

Միաժամանակ, տեղական շուկայում առկա են նաև հայկական արտադրության «LEEDeluxe» մակնշմամբ կոնֆետներ, որոնք սկսել են արտադրվել և իրացվել 2013-2014 թթ.-ից «Լիի Շոկոլադ», հետագայում «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ների կողմից:

 Նշենք, որ ԱՁ Մ. Մուրատյանը դադարեցրել է  «LEE» ապրանքային նշանով շոկոլադի ներմուծումն ու իրացումը, միաժամանակ ԱՁ Մ. Մկրտչյանին տրվել է հանձնարարական դադարեցնելու «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների ցանկացած եղանակով օգտագործումը, այդ թվում՝ այդ  ապրանքներն այլ տնտեսավարողների միջոցով իրացնելու դեպքում հանձնարարվել է դրանք գրավոր հետ կանչել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում