Եվրոպա

Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը Անկախության տոնին նվիրված ընդունելություն է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը Անկախության տոնին նվիրված ընդունելություն է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անկախության 33-ամյակի կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին դաշնային կառավարության տարբեր գերատեսչությունների, Բունդեսթագի, տնտեսական, գիտական, հասարակական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը։

Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, անվտանգային օրակարգային հարցերին և տնտեսական հնարավորություններին։ Դեսպան Ենգիբարյանն ընդգծեց․ «Տարածաշրջանային խաղաղությունը, միջազգային իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու հիմնարար ազատությունները և մեր ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային կառույցներին համարում ենք մեր անկախության հիմքը»։ ՀՀ դեսպանը նաև վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքին։

Դաշնային նախարար Օզդեմիրն իր ելույթում քաջալերեց ԵՄ հետ մերձեցման Հայաստանի ջանքերը և ողջունեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ «Այն, որ դուք ակտիվորեն գնում եք փոխըմբռնման ճանապարհով, ապացուցում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նախագիծը շատ ավելին է, քան լոկ ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման ծրագիր։ Այն նպատակ ունի կառուցել կամուրջներ և ամրապնդել կապերը տարածաշրջանում բառացի իմաստով, բայց նաև մարդկանց, ընկերությունների և պետական կառույցների միջև շփումների իմաստով։ Նման նախագծերը տարածաշրջանում խաղաղ ապագայի հույս են տալիս և արժանի են աջակցության»,- ասաց Օզդեմիրը։

Ընդունելության ընթացքում հնչեցին Հայաստանի, Գերմանիայի և Եվրոպայի օրհներգերը՝ Անի Աղաբեկյանի (ջութակ), Դանիել Բոլինգերի (կլառնետ), Շտեֆանո Մակորի (ալտ) և Կիրիլ Տիմոֆեևի (թավջութակ) կատարմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում