Եվրոպա

ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացված 1,4 միլիարդ եվրոյի եկամուտները ծախսել է Կիևի համար զենք գնելու վրա

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացված 1,4 միլիարդ եվրոյի եկամուտները ծախսել է Կիևի համար զենք գնելու վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված 1,4 միլիարդ եվրոյի շահույթն օգտագործել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Փոխանցվել է ռուսական ակտիվներից չկանխատեսված եկամուտների առաջին մասնաբաժինը: Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 1,4 միլիարդ եվրո է ուղարկվել առաջնահերթ սարքավորումներ, այդ թվում՝ հրետանային զինամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարելու համար», - նշել է նա։

Հստակեցվում է, որ Կիև մատակարարումների մեծ մասը կիրականացվի մինչև տարեվերջ։

Հուլիսի 26-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ՌԴ-ի սառեցված ակտիվների վերաներդրումից 1,5 միլիարդ եվրոյի չափով առաջին մասնաբաժինը կհատկացվի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով։ Կիևը դրանք ուղղակիորեն չի ստանա։ Գումարը կփոխանցվի, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով՝ պահպանելու Ուկրաինայի ռազմական հնարավորությունները և վերակառուցելու երկիրը: Երկու հիմնադրամների աշխատանքն էլ կարգավորում է Եվրահանձնաժողովը։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ռուսական ակտիվներից ստացված եկամուտները փոխանցվեն Ուկրաինային։

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր G7-ի և Եվրամիության երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում արգելափակվել են շուրջ 280 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում